Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովից երկու օր հետո БелТА-ն տարածել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որով նա հայ ժողովրդին «խորհուրդ է տալիս շատ զգույշ լինել, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»։
Լուկաշենկոն, այդպիսով, անուղղակիորեն խոստովանել է, որ Ուկրաինան պատժվում է Եվրամիությանը անդամակցելու ձգտումների, այլ ոչ թե Ղրիմի և Դոնբասի ռուսախոս բնակչության «իրավունքները բռնաճնշելու համար»։
Բայց Լուկաշենկոյի կամ, գուցե, նրան վերագրվող հայտարարության ամենաէական դիտարկումն այն է, որ մայիսի 4-ին Երևանում կազմակերպված Եվրոպական համայնքի և Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովները «ԵԱՏՄ համար նվաստացուցիչ» էին և, իբր, կառույցի անդամ երկրները «դրանում համամիտ» են։ Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից զատ ԵԱՏՄ անդամ են Ղազախստանը և Ղրղըզստանը։
Անցյալ տարի Սամարղանդում գումարվել է Կենտրոնական Ասիա-Եվրամիություն առաջին գագաթաժողովը, մի քանի ամիս հետո կենտրոնասիական հինգ երկրների առաջնորդները հյուրընկալվել են ԱՄՆ նախագահի մոտ։ 2025թ․-ին Ղազախստական պաշտոնական այց է կատարել Ֆրանսիայի նախագահը։
Ընթացիկ տարեսկզբին Ղազախստանը միացել է «Աբրահամյան համաձայնություններին», որին հետևել է Իսրայելի նախագահ Հերցոգի Աստանա այցը։ ԵԱՏՄ գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլ Երրորդը անձամբ հյուրընկալել է Թուրքմենստանի ազգային առաջնորդ Բերդիմուհամեդովին, իսկ տարեվերջին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Աշխաբադ։
Այս շատ թռուցիկ կազմված «խճանկարը» վկայում է, որ Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովը Կենտրոնական Ասիայի երկրների համար ամենևին էլ «նվաստացուցիչ» չէ։ Տարածաշրջանը բավական արդյունավետ համագործակցում է Եվրամիության և Չինաստանի ու Միացյալ Նահանգների, ինչպես նաև՝ Թուրքիայի հետ։
Այլ է Ռուսաստանի պարագան, որի նկատմամբ, չնայած գործադրված և շարունակվող ջանքերին, Կենտրոնական Ասիայի երկրները մնում են, շատ մեղմ ասած, «թերահավատ»։
Հեռու չգնալու համար կարելի է վկայակոչել միայն մեկ փաստ։ Մայիսի 28-ին Ղազախստանի հետ ստորագրելով երկկողմ հարաբերությունների յոթ սկզբունքների մասին հայտարարություն, հաջորդ օրը ՌԴ նախագահ Պուտինը թույլ է տվել ասել, որ «Ղազախստանը, կարելի է ասել, ռուսախոս երկիր» է,- ինչը Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրների սոցիալական մեդիան պարզապես «պայթեցրել» է Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատության տասնյակ հազարավոր գրառումներով և մեկնաբանություններով։
Գուցե պատական զուգադիպություն է, բայց Վլադիմիր Պուտինի Աստանա պետական այցից երկու օր հետո՝ մայիսի 31-ին, Ղազախստանը նշել է խորհրդային բռնապետության և 1932-33 թվականների սովամահության զոհերի հիշատակը։
Հիշատակման այդ օրը ամրագրվել է Ղազախստանի նոր սահմանադրությամբ։ Այդ առթիվ նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը ուղերձով դիմել է Ղազախստանի ժողովրդին։
«Հարգելի համերկրացիներ, մայիսի 31-ին մենք հիշատակի տուրք ենք մատուցում այն մարդկանց, ովքեր քաղաքական բռնաճշումների զոհ են դարձել անցյալ դարի առաջին կեսերին։ Մեր բարոյական պարտքն է՝ հիշել նրանց, հավատարիմ մնալ օրինականության սկզբունքներին և արդարության արժեքներին»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Հետելցինյան Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերին չեն հիշում։ Ղազախստանի նախագահի ուղերձը Ռուսաստանից քաղաքական և քաղաքակրթական ջրբաժան է։

Բաց մի թողեք
«Ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»
Էրդողանը «նախապատրաստվում է հաջորդ էլեկտորալ փուլի»
Ռուսաստանը Եվրոպայում կկորցնի ևս մեկ դաշնակից` Սերբիային