Ադրբեջանը երկրորդ օրն է, ինչ տեղեկություններ է տարածում, թե հայկական զինուժն իբր թե կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ընդ որում, Ադրբեջանի տարածած բոլոր տեղեկությունները վերաբերում է Նախիջեւանի ուղղությանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետեւողականորեն հերքում է Ադրբեջանի ՊՆ մտացածին հաղորդագրությունները, սակայն, ինչպես երեւում է, Բաքուն շարունակում է համառորեն:
Տեղեկատվական այդ կեղծիքը անկասկած ունի քաղաքական հրահանգավորում եւ հետապնդում է քաղաքական նպատակ: Ինչպես արդեն իսկ նշել եմ, աներկբա է, որ Բաքուն փորձում է իր ազդեցությունը բերել Հայաստանի հանրային տրամադրությունների վրա, որոնք ենթակա են ներքաղաքական իրադարձություններում առկա լարվածությանը: Ադրբեջանը օգտվելով դրանից, փորձում է ազդել եւ «ձուկ որսալ», որ կողմում որ կստացվի:
Միմյանց հետ սուր դիմակայության մեջ գտնվող իշխանությունն ու բողոքի շարժումը, խորհրդարանական ընդդիմությունն ու այլ խմբեր, հավասարապես չպետք է թույլ տան, որպեսզի Բաքվի ակնկալիքներն արդարանան եւ այն կարողանա որեւէ «շերեփուկ» անգամ որսալ Հայաստանի ներքին լարվածության ջրում: Եվրամիության դիտորդական առաքելությունը այսօր արել էր կարեւոր գրառում, նշելով, որ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին չեն նկատել որեւէ արտառոց շարժ եւ իրադրություն:
ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի հերքել է Բաքվի տարածած տեղեկությունները: Միեւնույն ժամանակ, պետք է անշուշտ նկատի ունենալ, որ, որեւէ սադրանք ծրագրելու պարագայում Ադրբեջանը չի երկնչի ԵՄ դիտորդների գնահատականի առաջ:
Հետեւաբար, դիտորդների արձանագրումը դիտարկելով որպես Բաքվի ապատեղեկատվությանը պատասխանի կարեւոր բաղադրիչ, պետք է այդուհանդերձ աչալուրջ լինել թե պաշտպանական, թե դիվանագիտական դաշտում, չթերագնահատել Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի վերսկսումը:
Միաժամանակ արժե թերեւս շեշտադրել միջազգային հանրությանը, որ Հայաստանի հանդեպ որեւէ աստիճանի սադրանք պետք է դառնա Բաքվի՝ ընդհուպ Կլիմայի գագաթնաժողովի անցկացումից զրկելու հիմք, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն այդ հնարավորությունը ստացել է Երեւանի շնորհիվ՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ պայմանավորվածության շրջանակում, որպես փոխադարձ վստահության բարձրացմանը միտված քայլ:
Բաց մի թողեք
Այս ուր եք իջել, ով եք դուք․ ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը
Փաշինյանն ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման