22/07/2026

EU – Armenia

Ներարկում են կատարել օգտագործված ասեղով․ վարակվել է ինֆեկցիայով․ սկանդալ Բաքվում

Ադրբեջանում, Բաքվում, նոր սկանդալ է։ Կիզակետում տեղի բուժհաստատություններից մեկն է՝ Կենսաբանական բժշկության կլինիկան։ Հիվանդանոցի պացիենտներից մեկը մեղադրել է կլինիկայի աշխատակիցներին, որ իրեն ներարկում են կատարել արդեն օգտագործված ասեղով, ինչի հետեւանքով վարակվել է ինֆեկցիայով։

Բուժառուն տվյալ հիվանդանոց դիմել է միջողային ճողվածքի բուժման համար։ Բժիշկներից մեկը ներարկում է կատարել՝ օգտագործելով արդեն մեկ անգամ ներարկում կատարած ասեղ։ Բուժառուն վարակվել է վիրուսով։

Բողոքը ներկայացրել է կին բուժառուի ամուսինը։ Բուժառուի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա բուժումը շարունակում է այլ հիվանդանոցում։ Բողոքը ներկայացնողը հայտարարել է, որ ունի տեսանյութեր եւ աուդիոնյութեր, որոնք հաստատում են իր բողոքի հիմնավորված լինելը։Հաղորդման մեջ ասվում է նաեւ, որ տվյալ ռեպորտաժի պատրաստման ժամանակ լրատվամիջոցի խումբը կլինիկայի ղեկավարության կողմից ենթարկվել է հարձակման։