20/05/2024

27 րոպեում մետրո+գնացքով Սասունցի Դավիթ կայարանից հասանք Ակադեմիական քաղաք. Գաբրիելյան

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ ընդամենը 27 րոպեում հասել են Ակադեմիական քաղաք։

«Ընդամենը 27 րոպե մետրո+գնացքով Երևանի Սասունցի Դավիթ կայարանից մեկ կանգառով հասանք Ակադեմիական քաղաք: Կայարանը նախատեսված է կառուցել Ակադեմիական քաղաքի կենտրոնում:

Ըստ մասնագետների՝ գծերի ու շարժակազմի ոչ շատ ծախսատար արդիականացումով ժամանակը կարող է կրճատվել մինչև 21 րոպե: Երկաթգծերն անցնում են նոր կառուցվող «Դեֆանս» թաղամասի հարևանությամբ, չի բացառվում ևս մեկ կայարանի կառուցումն այնտեղ:

Կառավարությունն այս փուլում դիտարկում է գնացքով, մետրոյով, վերգետնյա տրամվայով կամ ավտոճանապարհներով Ակադեմիական քաղաք հասնելու հնարավոր բոլոր տարբերակները: Վարչապետի ու կառավարության անդամների հետ այսօր փորձեցինք դրանցից մեկը, ծանոթացանք տարածքին և կատարված աշխատանքներին»,- ասվում է Գաբրիելյանի գրառման մեջ։

Ակադեմիական քաղաք ուղևորվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով տեսանյութ գնացքից ու նշելով, որ ապագայի քաղաքը կունենա էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կրթական ավանը կկապի Երևանին: