29/05/2024

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Ուրեմն դելիմիտացիայի դեպքում ԽՍՀՄ քարտեզով մեր Ոսկեպարի 6-7-րդ դարի այս հրաշք եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, իր շրջակայքով գտնվում է Հայաստանի միջազգային տարածքում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ ովքեր քարտեզն ու տեղանքը գիտեն, նրանց համար սկզբից ևեթ էլ սահմանագծման ռիսկերն ու խնդիրները այլ հանգամանքների ու տեղամասերի հետ է կապված եղել ու մնում;

«Անգամ այս սեգմենտի դեպքում այդ դաշտում է, օրինակ՝ ճանաչված միջպետական սահմանի դեպքում կողքի գյուղում վերաբնակեցո՞ւմ կլինի, թե՞ ոչ, սահմանագծումից հետո սահմանի տեղը պա՞տ թե՞ փշալար կլինի, ինչպե՞ս բացառել “սահմանախախտումները”, տեղում գետնի վրա ինչպե՞ս են համագործակցելու սահմանապահները, ճանապարի լիակատար անվտանգությունն ի՞նչ չափով կապահովվի, ի՞նչ լուծումներ են պարտադիր, որ մարդկանց առևանգումներ ու անհետ կորածներ չլինեն՝ ինչպես 90-ականներին, ինչպես անել, որ Բաղանիս գետի հովտում հայկական ուժային գերիշխանություն կամ ճիշտ բալանս լինի ու այսպես ահռելի շարք հարցեր, որոնց լուծումները պետք է մշակվեն։ Իմ, ու իմացածս շատ տավուշցիների օրակարգում այդ ու նմանատիպ հարցերն են, և ինչպես նկատում եմ նաև, որ հայրենակիցներիցս շատերի անհանգստություններն ու բողոքներն էլ գրեթե նույնական են, թեպետ տավուշյան այդ մաքրամաքուր բողոքի ձայնը, երբեմն՝ լուծումների ուրվագծերը խլեցվում են քաղաքական ու ապաքաղաքական մեծ աղմուկի մեջ։

Էլ չասած, որ իմ, շատ հարգելի փորձագետ ընկերներիս ուշադրությունում պարտավոր ենք պահել ավելի մեծ պատկերը․ չէ՞ որ այս ամենը նույն սկզբունքով (Ալմա Աթիի հռչակագիր) ու հիմքով (ԽՍՀՄ շրջանի միջհանրապետական սահմանագիծ) պետք է տարածվի նաև Սոթք-Խոզնավարի, Ջերմուկի, Վարդենիսի ու Կութի, Ներքին Հանդի, Սև լճերի վրա, ու այնպես պետք է արվի, որ սահմանագծումը շարունակություն ունենա ու լուծվեն 31 բնակավայրերի օկուպացված տարածքների խնդիրները, դեհ, իսկ Տավուշում ու ամենուր մարդկային անվտանգությունը ապահովված լինի, իսկ պաշտպանությունը՝ ինչպես հարկն է։

Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Ակնարկածս այս մեծ աղմուկում նկատում եմ, որ քաղաքական-մոբիլիզացիոն ու այլ տեսանկյուններից Ոսկեպարի եկեղեցին հատուկ ու ընդգծված խորհրդանիշ է դարձվում։ Որպես քաղաքական տեխնոլոգիա նորմալ եմ համարում, հասկանում եմ, թե ինչ են անում։ Ընդդիմացման ու ընդվզման ալիք ստեղծելու համար, իսկապես հասկանալի է։

Իսկ գիտեք, թե ինչ է լինելու ավարտը․․․

Սահմանազատումից հետո «պարզվելու» է, որ եկեղեցին հայկական վերահսկողության ներքո է։ Այսօր իշխող ուժը արդեն իսկ դա “կոմունիկացրել է”։ Բնականաբար, իշխանությունը կսկսի հեգնել ու ձեռք առնել նրանց, ովքեր սահմանազատման դեմ պայքարի խորհրդանիշ այս եկեղեցին էին հռչակել․․․ Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, որ եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում․․․

Եթե բոլոր կողմերին՝ իշխանությանը և իր քաղաքական ընդդիմությանը բավարարում է այսպիսի կանխատեսելի ելքը, ես դեմ չեմ՝ մեկը կարող է ասել, որ այնքան պատարագ մատուցվեց, որ ձայնը հասավ Աստծուն և եկեղեցին փրկվեց, մյուսը, կրկնվեմ, կարող է հեգնել, որ եկեղեցին ի սկզբանե էլ պարզ էր, որ հայկական վերահսկողության տակ է լինելու, հետևաբար պյաքարողները հողմաղացների դեմ էին կռվում ու իրենցից փրկիչ կերտում, մի երրորդն էլ՝ չգիտեմ ինչ կասի․․․

Իսկ իմ ու իմ նման մտածող շատերի համար տա Աստված, որ երկուստեք այս հաղթանակը զուգակցվի նաև այն բոլոր տեղամասերի ու խնդիրների հետ կապված ռիսկերի չեզոքացմամբ ու մարտահրավերների հաղթահարմամբ, որ մեր “ճամբարի” համար էլ անկարևոր լինի «կանխատեսելի ելքով» քաղտեխնոլոգիական հանգուցալուծումը․․․

Այ էսպիսի բաների պատճառով է, որ ․․․ լավ չասեմ․․․ Ուղղակի թող Մայր Աթոռն էլ միշտ հիշի, որ հասարակության մեջ շատերը ռացիոնալ էակ են, իսկ հանարային առաջնորդության դաշտում քաղտոխնոլոգիական գայթակղություններին տրվելն ու օվերդոզն էլ հարվածում է Եկեղեցուն․․․

Խաղաղություն և անվտանգություն Տավշո աշխարհիս ու Հայաստանին․․

Հ․Գ․ Չնայած վատառողջությանն ու տկարությանը, օրվա մեջ բազում կարևոր հանդիպումների, կոմունիկացիաների, այդ թվում միջազգայնինների հետ ու Տավուշի թեմայով, պատճառով գիտեմ, որ շատերը վերլուծություն են սպասել։

Վաղը խոստանում եմ քիչ թե շատ ապաքինված լինել գոնե ուղիղ եթերի համար։ Կարևոր բաներ կան քննարկելու, խելք-խելքի տալու․․․ Կհանդիպենք»: