27/07/2024

Ե՞րբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը. նախարարը նշեց ժամկետը

Արդյո՞ք համաշխարհային ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար տրամադրված գումարները ծառայելու են իրենց նպատակին, թե՞ ոչ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանից հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Վերջինիս խոսքով՝ արտիսիտի համերգի վերաբերյալ շահարկումները չափազանց շատ են, ուստի կարիք կա տեղեկացնելու, որ համերգը կայանալու է․ «Կարևոր արձանագրում է, ֆիքսենք պարզապես, որ քննարկվում է ամսաթիվը, համերգի օրը, և երբ պարզ լինի դա, մարդիկ կկարողանան մասնակցել»։

Անդերասյանը պատասխանեց․ «Այս տարվա ընթացքում սպասում ենք կազմակերպության կողմից առաջարկների։ Ժամկետի հետ կապված երեք առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը այն կազմակերպելու համար»։

Ըստ նախարարի՝ հնարավոր է համերգը տեղի ունենա օգոստոս ամսին։ Այժմ սպասում են գրավոր առաջակի, որպեսզի ժամկետի մասին հայտարարվի պաշտոնապես։

Հիշեցնենք՝ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել նրա համերգը Երևանում կազմակերպելու համար։