14/12/2024

«Լավ նախարար եմ». ինչո՞ւ պաշտոնին չի վերականգնվում նախկին տնօրենը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանը չի վերականգնվում պաշտոնին։

Հիշեցնենք՝ Մանուկյանը 2023 թվականի ապրիլի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքով պայմանավորված՝ նոր պայմաններում աշխատանքը շարունակելու համար գրավոր համաձայնություն չտալու հիմքով։ Վերջինս, սակայն, նույն թվականին դատարանում ներկայացրած հայցով վերականգնվել է պաշտոնում։ Դատարանը նախարարությանը պարտավորեցրել է Մանուկյանին վճարել նաև նախատեսված ողջ աշխատավարձը։

«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կազմակերպաիրավական ձևը փոփոխվել է, ուստի պաշտոնի վերականգման անհնարինության հարց կա»,- պարզաբանեց նախարարը։

Հարցին, թե արդյոք փոփոխությունը հատո՞ւկ է կատարվել, որ Մանուկյանը չկարողանա վերականգնել պաշտոնը, Ավանեսյանը ընդգծեց․ «Որևէ հատուկ բան չենք արել, բոլոր առողջապահական կազմակերպությունները փորձում ենք բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Կենտրոնը որևէ բանով չի տարբերվում այլ ԲԿ-ներից»։

Նախարարը շեշտեց, որ բոլոր գործընթացներն արվում են օրենքի շրջանակներում, որևէ հակասություն չկա․ «Ամեն անգամ շեշտվում է իմ՝ իրավաբան լինելու հանգամանքը։ Չեմ կարծում, որ տեղին է դա, ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և վեց տարի է՝ զբաղվում եմ առողջապահության կազմակերպմամբ։ Քաղաքական պաշտոնը որևէ կապ չունի մասնագիտականի հետ»։

Հարցին՝ լա՞վ իրավաբան է, թե՞ լավ կազմակերպիչ, նախարարը նկատեց․ «Լավ նախարար եմ»։

Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանության դեմ հնչող քննադատություններին։

Նախարարը ընդգծեց․ «Բոլոր իշխանությունները ինչ-որ հարցերում հաջողում են, որոշներում էլ չէ»։
Նախարարը շեշտեց, որ ընտրությունները հարցի այն մեխանիզմն են, որոնց միջոցով ժողովուրդը տալիս է գնահատականը, թե իշխանությունը հաջողել է կամ չի հաջողել․ «Կգա 2026 թվականի ընտրությունները, հասարակությունը գնահատական կտա»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ներկայիս իշխանությունը 2018 թվականին չսպասեց 2023 թվականին սպսվող ընտրություններին, Ավանեսյանը շեշտեց․ «Ես կհիշեցնեմ ձեզ 2018 թվականից առաջ բոլոր ընտրությունների կեղծման վերաբերյալ պրոցեսների մասին»։

Աղետի գոտում ամենօրյա աշխատանք է տարվում։ «Ջրի հետազոտություններ են կատարվում, բակային այցեր՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան, ու ինչ պետք է արվի։ Այս պահին վիճակը կառավարելի է, որևէ բռնկում չկա»,- հավաստիացրեց նա։

Վերջինս աշխատանքային այցով եղել է Ալավերդու և Նոյեմբերյան համայնքների բժշկական կենտրոններում, որոշ բնակավայրերում։

Նրա խոսքով՝ թիմը միասնական աշխատում է, որպեսզի բնակչության առողջական վիճակի խնդիրներ չառաջանան․ «Եթե ինֆեկցիաների մասով խնդիր լինի, թիմը պատրաստ է»։

Նախարարը վստահեցրեց՝ ցանկացած ինֆեկցիաների ռիսկերի բռնկման դեպքում կանխարգելիչ աշխատանքներով կզրոյացվեն այդ ռիսկերը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից տեղեկացրել են, որ աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել, սակայն ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել:

Մշտադիտարկման արդյունքները փաստում են՝ այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները: