«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի շուրջ հերթական սկանդալն է զարգանում. Ծննդկանին ասել են, թե պտուղը մահացած է, բայց դրան հաջորդած դեպքերն այլ բան են ցույց տալիս։
«2023-ի փետրվարի 16 կամ 17-ին եմ պառկել հիվանդանոց, արդեն փետրվարի 21-ին, 19:35-ին Armed համակարգում գրվել է, որ երեխան մահացած է, մինչդեռ ես երեխային ունեցել եմ մարտի 3 լույս 4-ի գիշերը՝ ժամը 01:00-ին»,- ասել է Արմինե Հարությունյանը։
Արմինեն հղիության վեց ու կես ամսում է եղել, երբ Արարատ Դանիելյանը երեխայի ծնունդն ընդունել է։
«Ես սոնոգրաֆիա անցել եմ, միշտ ասել են՝ երեխան առողջ է, սիրտն առողջ է։ Հետո բացվածքն էին ստուգում, այդ նույն բժիշկն ինձ ասաց՝ մի գդալ պտղաջուր անգամ չկա, բայց ծնարանում պտղապարկը պայթեցրեց, լիքը պտղաջուր թափվեց։ Հարցրի՝ «էս ի՞նչ էր», ասում է՝ «պտղաջրերն են», ասացի՝ «բա ասում եք՝ չկա պտղաջուր», ինքն էլ ասաց՝ «դե ինչ անեմ, արդեն պայթեցրել եմ»»,- պատմեց մեր զրուցակիցը։
Արմինեն նշեց, որ հիվանդանոց է տեղափոխվել քովիդի կասկածանքով, սակայն սկզբում թեստը բացասական է եղել, բժիշկը զանգել, ուրախ ասել է, որ քովիդ չի ախտորոշվել, սակայն շուտով եկել է քույրն ու ասել, որ պետք է մեկուսացնեն իրեն։
«Երբ ասացի, որ բացասական է թեստի պատասխանը, Armed-ում նայեցի՝ բացասական պատասխանը փոխվել էր, նշվել՝ դրական»,- նշեց Արմինեն։
Հղի կնոջը պառկեցրել են, ապա հետազոտություններ արել, որոշել, որ պետք է արագ ծնունդն ընդունեն, քանի որ պտուղը, ըստ էության, մահացած է։ Ասում է՝ շտապեցրել են այդ ծանր որոշումը կայացնել:
«Երբ երեխան ծնվեց, ծնունդ ընդունող բժիշկը երեխային գցեց այն երկաթյա հատուկ սեղանիկին, ասաց՝ «լավ է, երեխան մահացած է», բայց այդտեղ մի ռուս բժիշկ էլ կար, ինքն ասաց՝ «տուր, երեխան շնչում է»։ Ես էլ տեսա, որ երեխան շնչում է, տարան իրեն, մաքրեցին, կշռեցին, բոյը չափեցին։ Ես ցածր ձայն լսեցի երեխայի։ Հետո բարուրեցին երեխային ու դրեցին հատուկ ապարատի մեջ։ Հետո մի բուժքույր եկավ, երեխային գրկեց, տարավ։ Դրանից հետո երեխային չտեսա, ասացին՝ «մահացել ա»»,- նշեց Արմինեն։
Ծննդկանը պատմում է՝ այդ ամենից հետո բարձրացել է հիվանդանոցի փոխտնօրենի մոտ, պահանջել, որ մահվան վկայական տրամադրեն, նա էլ պատասխանել է՝ 10 րոպե ապրելն ապրել չի, որ հիմա էլ մահվան վկայական տրամադրեն։
«Հետո ասացին՝ երեխային ուղարկել են փորձաքննության, ես ասել էի՝ «հետո ինձ կհանձնեք մարմինը»։ Դրանից հետո քառասուն օր սպասել ենք, որ պատասխան ներկայացնեն, բժիշկները խուսափում էին, երբ գնում էինք։ Ասում էին՝ «գնա, մենք թուղթը կսարքենք, կգաս, կտանես»։ Ինչևէ, քառասուն օր անց փորձաքննության վերաբերյալ թուղթ տրամադրողն ասաց, որ երեխան լրիվ առողջ է եղել, ամեն ինչ զարգացած է եղել։ Հետո, երբ մարմինն ուզեցի, ինձ ասացին, որ հիվանդանոցից ասել են, թե իբր մենք հրաժարվել ենք մարմնից, էդ դեպքում էլ մարմինը վառում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ ինքը ո՛չ մահվան մասին վկայական է կարողացել ստանալ, ո՛չ էլ հավատում է, որ մարմինը վառել են։
Արմինեն նշում է՝ ընդունած կլինեին դառը ճշմարտությունը, եթե ինչ-ինչ կասկածելի հանգամանքներ եղած չլինեին։
«Երեխայի ծնվելուց հետո, երբ տեսա, որ շնչում է, իմ բուժող բժշկին ասացի՝ «խնդրում եմ, երեխային ակվարիումի մեջ պահեք, փողը խնդիր չի», բայց բժիշկս՝ Թերեզա Գրիգորյանն իր ամուսնու հետ համոզում էր, որ պետք չի, քանի որ եթե ապրի էլ, դաուն է լինելու երեխան։ Ասում էին՝ «բա քեզ պե՞տք ա դաուն երեխա»։ Այս ամենն անցավ, մի երկու ամիս անց ինձ պոլիկլինիկայից զանգեցին, ասացին, որ երեխային տանեմ պատվաստման, այնքան վատ էի, որ չընկալեցի՝ ինչ են ասում, որևէ հարց չտվեցի, որևէ բան չփորձեցի ճշտել։ Հիմա նորից՝ մեկ տարի անց, օրեր առաջ նամակ եմ ստացել, որ երեխային պիտի տանեմ պատվաստման։ Կասկած մտավ մեջս, մտա Armed համակարգ, տեսնեմ՝ երեխայի մահվան մասին նշումը հեռացվել է, և թողնվել է միայն իմ բուժում ստանալու մասը։ Այստեղ կասկածս ավելի խորացավ»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նա վստահ է՝ աղջիկը ողջ է, նրան վաճառել են։
«Ես հենց սկզբից էլ չեմ հավատացել, որ երեխան մահացել ա։ Հիմա ավելի վստահ եմ, որ երեխայիս վաճառել են։ Ամեն գիշեր երազ եմ տեսնում, աղջիկս ասում ա՝ «մամ, ես ողջ եմ, արի, ինձ տար»»,- ամփոփեց խոսքը Արմինե Հարությունյանը։
Առողջապահության նախարարությունից փորձել են ճշտել՝ ո՞ր դեպքում է Armed համակարգից ջնջվում պացիենտի մասին ինֆորմացիան։
«Համակարգից որևէ ինֆորմացիա չի ջնջվում, եթե բժիշկը սխալ նշում է կատարել, ապա կարող է իր մոտից փակել այն, բայց ինֆորմացիան համակարգում մնում է։ Պարզապես պացիենտն այլևս չի տեսնում այդ սխալ ինֆորմացիան»,- մեզ հետ զրույցում ասաց Armed համակարգի գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը։ Այս դեպքում, սակայն, տեղեկատվությունը ոչ թե փակվել է, այլ փոխվել, ինչի մասին կան բոլոր սքրինշոթերը, որոնք մեզ է ներկայացրել երիտասարդ կինը:
Եթե բժիշկը սխալվել է և փակել երեխայի մահվան մասին ինֆորմացիան, ապա ո՞ւր է Արմինե Հարությունյանի դուստրը։
Նշենք, որ այս պահին մենք նաև Արդարադատության նախարարության պատասխանին ենք սպասում, թե ինչ ձևով է ՔԿԱԳ-ում արձանագրվել նորածնի մահը։ Պատասխանը կներկայացնենք ստանալուց անմիջապես հետո։
Բաց մի թողեք
Մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք․ Ավանեսյան
Եղել է վիճակի կտրուկ վատացում. Վանաձորի ԲԿ-ն՝ 13-ամյա աղջկա մահվան դեպքի մասին
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի լիցենզիայի կասեցման միջնորդություն է ներկայացվել. նախարար