16/07/2024

Ուսման վարձի փոխհատուցում կստանան աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները. ԿԳՄՍ-ն նախագիծ է ներկայացրել

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին։

Վերջիններս պետք է ընդգրկված լինեն աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհի շարքում՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին 75 բուհի շարքում՝ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։

Կրթաթոշակ կարող է տրամադրվել լրիվ բեռնվածությամբ և առկա ուսուցմամբ սովորող կամ դիմորդ հանդիսացող ՀՀ քաղաքացուն, եթե նրա ներկայիս կամ ապագա գործատուն իրականացնում է ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցում։ Պետությունը կրթաթոշակը տրամադրում է գործատուի փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամ։

Կարգում ամրագրվում է նաև, որ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո աշխատանքի անցնելու կամ շարունակելու հանձնառության պայմանագիր, որը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո: Եվ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ տվյալ հաստատությունում ուսումնառությունը կիսատ է թողնում, գործատուն ՀՀ պետական բյուջե է փոխանցում հրաժարագին՝ պետության տրամադրած ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի աշխատաշուկան նոր և մրցունակ կադրերով ապահովելու գործընթացին։

«Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 12-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կայք կարելի է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7381 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am)։