Ադրբեջանն Իտալիայից ձեռք է բերել ռազմա-տրանսպորտային խոշոր օդանավ: Այդ ձեռքբերման հարցում էականը սակայն թերեւս այն է, որ օդանավը Բաքվին է փոխանցել Իտալիայի պաշտպանության նախարարը, ժամանելով Ադրբեջան եւ հանդիպելով Իլհամ Ալիեւի հետ:
Սա իհարկե ադրբեջանա-իտալական ռազմատեխնիկական գործակցության մի մասն է միայն: 2022 թվականին կողմերը պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրել են գործակցության մեծ համաձայնություն:
Իտալիան Եվրոպայում ադրբեջանական գազի խոշոր գնորդներից է, եւ դրանից բացի՝ նաեւ այսպես ասած այդ գազի «մուտքը» եվրոպական շուկա: Ադրբեջանա-իտալլական գործակցության այդ հանգամանքը սակայն ունի այլ երանգներ եւս:
Մասնավորապես հայտնի է, թե Ադրբեջանն ինչպես է վերաբերում հայ-ֆրանսիական ռազմական գործակցությանն ու ինչ մտացածին մեղադրանքներ ներկայացնում այդ կապակցությամբ, գնահատելով, իբր դա խանգարում է ռեգիոնալ խաղաղությանը:
Մինչդեռ Բաքուն ինքը ունի պաշտպանական բնագավառի մեծ համաձայնագիր Իտալիայի հետ, ընդ որում դեռեւս 2022 թվականից. Երբ հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը ընդամենը նախնական խոսակցությունների մակարդակում էր: Միեւնույն ժամանակ, ուշադրության արժանացնենք մեկ այլ դրվագ: Միջազգային մամուլի ուշադրությունն է գրավել Իտալիայի վարչապետ Մելոնիի սառը վերաբերմունքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդեպ:
Տեսախցիկները դա արձանագրել են Իտալիայում կայացած Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի եւ դրա հարակից միջոցառումների ընթացքում: Ադրբեջանը փորձում է խաղա՞լ այդ «սառնության» վրա, Կովկասում ստեղծելով «իտալա-ֆրանսիական» հիբրիդային դիմակայություն, այդ կերպ անուղղակիորեն փորձելով նաեւ որոշակի ազդեցության գալ Եվրամիության երկու առանցքային անդամների հանդեպ հենց եվրոպական քաղաքականության մշակման համատեքստում, թերեւս հաշվարկելով նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերության վրա հեռակա ազդեցություն:
Երեւանը թերեւս պետք է պատրաստ լինի այդ հիբրիդային մարտահրավերին, ինչը նշանակում է դիվանագիտական աշխատանք հայ-իտալական հարաբերության ուղղությամբ: Ի դեպ, գուցե ավելորդ չէ հիշել մանրուք թվացող, սակայն բավականին հատկանշական մի դետալ: 2019 թվականին հենց իտալական Միլանում էր ադրբեջանցի այսպես ասած բլոգերը կարողացել մտնել հայկական եկեղեցի՝ Նիկոլ Փաշինյանի եւ հայ համայնքի հանդիպմանը, եւ անել հայտնի տեղեկատվական սադրանքը: Ինչպես հետո պարզվեց, որ այսպես կոչված ադրբեջանական բլոգերը իրականում եղել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից:
Բաց մի թողեք
Արցախի իրական տերերի վերադարձի տեսլականը մատնում է Ալիևի վախերը
Ըստ Բաքվի բռնապետի, որոնք են Հայաստանի ռևանշիստական քայլերը, որոնցից ինքը վախենում է
Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է