15/10/2024

ԱՄՆ-ի համար չի կարող լուծում համարվել այն, ինչին Արցախում հասել է Ալիևը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ուղղված ցանկացած քայլ, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան Լուրեր-ի հարցի, թե ինչպես է Վաշինգտոնը վերաբերում հրադադարի խախտման դեպքերը հետաքննելու համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկին:

Այդ պատասխանի համատեքստում դեսպանատան հայտարարության տեքստը պարունակում է ուշագրավ մի ձեւակերպում. «Միացյալ Նահանգները հստակ փաստել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կարծում ենք՝ շարունակվող բռնությունները խաթարում են տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը այն մասին է, որ Վաշինգտոնը չի՞ ճանաչում Արցախի դեմ ռազմական գործողությունների միջոցով ստատուս-քվոն փոխելու Ադրբեջանի արձանագրած արդյունքը: Իլհամ Ալիեւը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը: Ալիեւը այդ հայտարարությունը առավել հանդուգն եւ «խրոխտ» կրկնում է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ից հետո, ազդարարելով, որ Ադրբեջանը իր «երկաթե բռունցքով» լուծել է ղարաբաղյան կոնֆլիկտը:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները փաստել է՝ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Չի կարող Հայաստան-Ադրբեջան հակամարտություն լինել առանց ղարաբաղյան կոնֆլիկտի բաղադրիչի: Հայաստանի եւ Ադրբեջանի հետխորհրդային հարաբերության համատեքստում դա առանցքային գործոն է, եթե չասենք՝ ողնաշարային:

Ավելին, այդ հանգամանքը ճանաչել է հենց ԱՄՆ, որը ավելի քան երկու տասնամյակ եղել է այդ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միջազգային մանդատակիր միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Եթե հակամարտությունը ռազմական լուծում չունի, ինչպես ԱՄՆ դիրքորոշմանը հղում անելով հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը,, ապա չի կարող լուծում համարվել այն, ինչ հայտարարում է Իլհամ Ալիեւը:

Չի կարող ճանաչվել այն «լուծումը», որ Ադրբեջանը արձանագրել է պատերազմով: Որովհետեւ, եթե դա ճանաչվի որպես լուծում, ապա ընդամենը կլինի նախադեպ, որը Ադրբեջանի համար լեգիտիմացնում է ռազմական նոր լուծումներ:

Հայտարարությունները այդ իմաստով խիստ անբավարար են, եւ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, Բաքվին ցույց տալու համար, որ գոյություն չունի հակամարտությունների ուժային լուծում: Առայժմ չկա այդպիսի կոնկրետ քայլ միջազգային որեւէ դերակատարից եւ կառույցից: