16/07/2024

Ռուսաստանի համար լրջագույն փորձություն. Պուտին-Էրդողան հանդիպում է նախատեսված, կայցելի՞ Բաքու

Մայիսի 26-ին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է «որ իր երկիրը 2030թ.-ին կանդամակցի Եվրամիությանը եւ կմիավորվի աբխազ եւ օս եղբայրներին».

Անցյալ շաբաթ Դերբենտում եւ Մախաչկալայում ահաբեկչություններին ռուս-վրացական սահմանի աբխազական հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել. Աբխազիայում անհանգիստ է տարեսզբից, երբ փորձագիտական տեսակետ շրջանառվեց, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարում դիտարկվում է «կոնֆեդերատիվ Վրաստան կազմավորելու հավանականությունը»:

«Նեզավիսիմայա գազետան» այդ վարկածը գնահատում է «բացարձակ երեւակայական» եւ հավելում, որ տեղեկատվական այդ քաղաքականությունը «վտանգում է ոչ միայն ռուս-աբխազական հարաբերությունները, այլեւ Ռուսաստանի հարավ-կովկասյան քաղաքականությունն առհասարակ». Ընդհանուրը, հեղինակը «ոչ բարոյական» է գնահատում «դաշնակիցների հաշվին նման գործարքը» եւ հիշեցնում Հայաստանի հաշվին Ադրբեջանին բավարարելու՝ «ԽՍՀՄ» քաղաքականությունը:

Սա, ըստ երեւույթին, այլասացություն է, մեկնաբանը նկատի ունի քառասունչորսօրյա պատերազմը, դրան հաջորդած՝ ԼՂ շրջափակումը, հայ բնակչության բռնատեղահանումը, ինչի դիմաց Ռուսաստանը փաստացի ոչինչ չի ստանում, բայցի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցում Ադրբեջանի համաձայնությունից: Բայց դեռ հարց է՝ գործադիր ի՞նչ իշխանություն կձեւավորվի Իրանում, եւ արդյոք համապարփակ համագործակցության ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը կկայանա:

Բաքվում ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը բացահայտել է, որ Հարավային Կովկասի երեք երկրներն արտգործնախարարների մակարդակով հրավիրված են Վաշինգտոն: Վրաստանն արդեն հաստատել է, որ արտգործնախարար Դարչիաշվիլին կմեկնի ԱՄՆ: Դատելով ադրբեջանական մամուլի արձագանքի տոնայնությունից, Բաքուն հրավերը չի մերժել: Ամենայն հավանականությամբ Վաշինգտոն կգործուղվի նաեւ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը:

ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրը ավելի վաղ հայտնել է, որ Վաշինգտոնը հայ-ադրբեջանական քննարկումների հնարավորություն կստեղծի: Հունիսի 26-ին Բաքուն Երեւանին է փոխանցել «խաղաղության պայմանագրի առաջարկությունների» տասերորդ փաթեթը։

Պայմանագրի ստորագրման հավանականությունը չափազանց նվազ է, եթե չասենք՝ բացառվում է: Բայց որ գործընթացին ԱՄՆ ներգրավվածությունը գրեթե ֆորմալացվում է, ակնհայտ է: Օ՛ Բրայանի Բաքու այցի տպավորությամբ ադրբեջանական մամուլը մի շարք հրապարակումներ է արել՝ ընդգծելով Չինաստանից Եվրոպա ապրանքաշրջանառության ապահովման հարցում Բաքվի առանցքային դերը:

Հուլիսի 5–ին Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնում է Բաքու: Դա նշանակում է, որ Իլհամ Ալիեւը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին չի մասնակցի: Բայց եթե Էրդողանին հաջողվի Շուշիում թուրքախոս պետությունների առաջնորդների խորհրդաժողով գումարել, ապա կստացվի, որ նա ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Կենտրոնական Ասիան է վերցնում կուրացիայի տակ, եւ Ռուսաստանի նախաձեռնած՝ եվրասիական անվտանգային համակարգը չի կայանում:

Ռուսաստանի համար սա լրջագույն փորձություն է: ՇՀԿ գագաթաժողովից առաջ Պուտին-Էրդողան հանդիպում է նախատեսված: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները ծանր են լինելու: Պուտինը կայցելի՞ Բաքու: