25/07/2024

Նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի՝ SarGiz-ի անհատական ցուցահանդեսը․ Լուսանկարներ

Իգիթյանի անվան կենտրոնում երեկ բացվեց նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի՝ SarGiz-ի անհատական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի ընթացքում արվեստասերները հնարավորություն ունեցավ դիտել երջանկահիշատակ արվեստագետի մի քանի տասնյակ աշխատանքներ, որոնց շնորհիվ պատկերացում կկազմեն SarGiz-ի թողած հարուստ ժառանգության մասին։ Իրադարձության նախաձեռնությունը Սարկիսյանի ընտանիքինն է։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այն կտևի մինչև հուլիսի 4-ը։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

«Արվեստը կրում է ժամանակի բոլոր շերտերի կարևորությունը, բոլոր ժամանակների մշակութային կապը, մեկը մյուսին լրացնելու կարևորությունը, ինչպես նաև, մեկը մյուսին ժխտելու անսպասելիությունը։ Արծաթը, պղնձի զարդանախշերը ստանում էին պատկերների մի նոր մեկնաբանություն, ստեղծելով կոմպոզիցիաների ներդաշնակ համայնապատկեր: Գույնը, գիծը, թափանցիկ միջնադարյան հայացքները, մաշված որմնանկարների ոսկեպատ – լույսը շշնջում են Աստծո խորհուրդների գանձարանում, պատկերները ստանում են մի նոր երանգ, կարեւորություն հաղորդելով արվեստին: Եթե արվեստը մարդու հոգու հայելին է, ապա Գագիկի ստեղծած արվեստում մենք մասնակցում ենք նրա անսահման սիրո զգացմունքների արտահայտմանը, որոնք կմնան իբրև արվեստի գլուխգործոցներ իր ժամանակի ու ժամանակից դուրս տիեզերական լռության ներքո…»,- Գագիկ Սարկիսյանի մասին նշում է նրա ընկեր, նկարիչ Արմեն Խոջոյանը։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

«Ապշեցուցիչ էր արհեստի ցանկացած տեսակում նրա աշխատելու կարողությունը։ Բայց ավելի զարմանալի էր, երբ նրա արհեստը օգնության էր հասնում արվեստին: Թերթավոր պղնձից թեթև, մի շնչով արված անհավանական բարդության քանդակները, իդեալական ըստ մտահղացման և իրականացման: «Տրոյական նժույգը» հիասքանչ և բացառիկ կոմպոզիցիան ապշեցնում է իր բացարձակ գեղագիտությամբ: Հիանալի են կենդանիների պղնձե քանդակները`ցլի, խոյի, քարայծի: Տարօրինակ և արտասովոր է «Խաղաղաբերը» քանդակը։ Կոլաժները։ Դա նույնպես «Մեծ մարդու» գործ է։ Կիրառել հինավուրց առարկաները, կահկարասին, փայտի ճաքերով կտորները, պղնձե թասերն ու գավերը, և այդ իրենց դարն ապրած առարկաներից ժամանակակից, կենսաշունչ և արդեն ժամանակային շրջանակներից դուրս ինչ-որ բան արարելը`ահա ևս մի նվաճված նպատակ, ևս մի գրավված ուղի։ Գեղանկարչությունը։ Բազում մտքեր, իրականացված տարակերպ կտավներում՝ գունավոր Բուդդաները և ցնորական բնանկարները: Իր թոռների քնքուշ և զարմանալիորեն գորովալից խմբանկարը։ Թեթևություն և բարդություն, գաղտնիք և ցանկացած հայացքի համար բաց գաղափար ահա անհամատեղելիի համատեղումը նրա նկարներում»,-այսպես է բնութագրում SarGiz-ի արվեստը նկարիչ Աննա Ադիյանը։

Հնարավոր է՝ արվեստ է

Գագիկ Սարկիսյանը ծնվել է 1957 թ․։ 1979 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1984-1992 թթ. աշխատել է Հնությունների վերականգման կոմիտեում, որպես փայտամշակման արվեստանոցի ղեկավար: Աշխատանքներ է իրականացրել Երևանում, Աշտարակում, մասնակցել է Հառիճի եկեղեցու ձևավորմանը։ 1993 թ. հրավիրվում է Մոսկվա «Ուսադյբա Վալուեվա» վերականգման աշխատանքների մասնակցելու: 2000 թ.-ից մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում հայ նկարիչների ցուցահանդեսներին: 2005 թ.-ից սկսած մասնակցում է Մոսկվայում «Արտմանեժ» ցուցահանդեսին: 2006 թ.-ից մասնակցում է ՌԴ պատմության թանգարանում Հ. Իգիթյանի կազմակերպած ցուցահանդեսին: 2021 թ. հրավիրվում է «Մաչանենց» միջազգային սիմպոզիումին: Մահացել է 2023 թ․։

Հնարավոր է՝ արվեստ է