21/07/2024

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը․ Տեսանյութ

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ գործում են նաև ստեղծագործական կենտրոններ, վերանորոգվում է: Առաժմ շինարարություն է փորձասենյակների, միջանցքների ու սանհանգույցների հատվածում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչության փոխանցմամբ՝ շենքը լիովին վերանորոգվելու է:

«Այս պահին ընթանում է 1-ին փուլը, ինչը ներառում է ներքին հարդարումը, այսինքն՝ փոխվում են սանհանգույցները, հարդարվում՝ ներսի սենյակային հատվածներ, փոխվում են ջրահեռացման խողովակները, ինչպես նաև դռներն և պատուհանները»,- ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Արմեն Հարությունյանը:

«Նախկինում անցկացված օդափոխության համակարգն ամբողջությամբ փոխվում է, անցկացվում է հովացման և ջեռուցման նոր համակարգ»,- նշել է աշխատանքների ղեկավարը:

Վերանորոգման հաջորդ՝ առավել ընդգրկուն փուլն ընդգրկում է դահլիճն ու բեմը: Որոշ հատվածի փայտե կառուցվածքների կազմաքանդումն արդեն սկսել են, որովհետև այլևս ենթակա չեն շահագործման:

«Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որ կարողանանք մեր երևանցիներին նորովի վերադարձնել Պատանի հանդիսատեսի թատրոնը»,- ասել է Արմեն Հարությունյանը:

Կվերականգնվեն նաև շենքի արտաքին պատերը՝ չխախտելով ճակատի ճարտարապետական կերպը:

Շուրջ մեկ դար առաջ հիմնադրված թատրոնը վերանորոգումից հետո կներկայանա ամբողջությամբ արդիականացված:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: