Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի նորագույն ֆրանսիական կինոյի ընտրանին։ Կներկայացվեն Բերտրան Բոնելլոյի «Գազանը», Դավիդ Բոարետոյի «Ապրիլը Ֆրանսիայում», Ալեքսի Պազումյանի «Սև այգի», Կատիա Կիրակոսյանի «Միսաք և Մելինե Մանուշյաններ» ֆիլմերը։ Իսկ հուլիսի 10-ն «Ֆրանսիական կինոյի օր» ավանդական միջոցառմանը կցուցադրվի այս տարվա Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ»-ին արժանացած Մատի Դիոպի «Դահոմե» ֆիլմը։
Դեսպանության և ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն փառատոնի ժյուրիի անդամ Գրիգոր Պըլտյանը, ինչպես նաև ռեժիսորներ Դավիդ Բոարետոն, Ալեքսի Պազումյանը և Կատիա Կիրակոսյանը։
Երևանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվեն Անդռեաս Դրեզենի «Հիլդեից՝ սիրով», Սևերին Ֆիալայի և Վերոնիկա Ֆրանցի «Դիվային լոգանքը», Վիկտոր Կոսակովսկու «Արխիտեկտոն», Ավիվա Բարխուդարյանի «Վիգենը, Բեռլինը և Սառը պատերազմը» ֆիլմերը։
Բացի այդ, գերմանական և գերմանական համաարտադրությամբ նկարահանված Նոազ Դեշեի «Քսովտեքս», Ֆարազ Ֆեշարաքիի «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով», Նաֆիս Ֆաթոլլահզադե «Խաբուր» ֆիլմերն ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային մրցույթում։
Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։
Բաց մի թողեք
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում. Լուսանկար
«Կարմիր գծերից» անդին, կամ տոն արարելու վարպետաց դասը․ Լիլիթ Եփրեմյան․ Լուսանկարներ
Ավստրիացի ամենահայտնի նկարիչ Գուստավ Կլիմտը, ում գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով․ Նրա ծննդյան օրն է․ Լուսանկարներ