16/07/2024

Մեկնարկեց Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը. Լուսանկարներ

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Ամենամյա կինոտոնն այս տարի տեղի է ունենում հուլիսի 7-14-ը։

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չունեցավ բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի արարողակարգային հայեցակարգի՝ հետայսու փառատոնի այս կարևոր դետալն կրում է լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին փոխարինեց արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն էր։

21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Փառատոնի մեկնարկին պատվավոր հյուրերը քայլեցին փառատոնային «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուով։ Այնուհետև, բացման խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանն արարողության ընթացքում պատվավոր հյուր Քևին Սփեյսիին հանձնեց մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

«Երջանիկ եմ այստեղ գտնվել։ Շնորհակալ եմ բարի ու ջերմ խոսքերի համար։ Ինձ համար պատիվ է այստեղ լինել՝ նման պատվարժան կինոգործիչների, ժյուրիի անդամների հետ։ Մեծ պատիվ է, որ որոշել եք ինձ հյուրընկալել։ Երբ նայում եմ իմ ֆիլմերից ներկայացված հատվածները, մտքովս անցնում են այն բոլոր ռեժիսորները, սցենարիստները, խաղընկերները և թիմակիցները։ Ինձ պատվելով՝ դուք պատվում եք նրանց բոլորին, ովքեր ժամանակին պատվել են ինձ»,-նշեց Քևին Սփեյսին։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ Փարաջանովյան թալեր հանձնեց Ատոմ Էգոյանին։ Իր խոսքում Էգոյանն ընդգծեց, որ բացման ֆիլմը Օսկար Ուայլդի և Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե»-ի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ Ամանդա Սեյֆրիդի հետ 15 տարի առաջ է աշխատել և այս նոր ֆիլմում վերջինս անմոռանալի դեր է կերտել։

Փառատոնի երեք համահիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և Ատոմ Էգոյանը միասին ազդարարեցին փառատոնի մեկնարկը։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։