Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում։
Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի և Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ըստ այդ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։
Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Lexus» մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Ս․ Ֆեռովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար։
Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են Ս․ Ֆեռովին, ով հայտնել է որոշ մանրամասներ, ինչից հետո ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Ծաղկաձոր քաղաքում Ս․ Ֆեռովին ապօրինի պահելու համար բռնել են Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին և ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ս․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք հայտնաբերվել են «Թեղենիս» հյուրանոցային համալիրում, որտեղից էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին։
Նրանց հետ եղել է 1 հոգի ևս՝ Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մ․-ն։
Ոստիկանները պարզել են, որ առևանգվածին ռեստորանային համալիրից խաբել, նստեցրել են Գևորգ Ս․-ի «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի քաղաք գնալու համար։ Արդեն ճանապարհին նրանք ստիպել են ՌԴ քաղաքացուն, որ անջատի հեռախոսը և հասնելով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի վրա գտնվող «Սոնալ» ռեստորանային համալիր՝ սկսել են առևանգվածի և նրա ընտանքի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնել, հետո իր կամքին հակառակ ստիպողաբար դարձյալ նստեցրել են «Lexus»-ը և Գեղարքունիքի մարզից տարել Ծաղկաձոր քաղաքի «Թեղենիս» հյուրանոցային համալիր, որտեղ նույնպես շարունակել են սպառնալիքներ հնչեցնել։
Ըստ տուժող Ս․ Ֆեռովի հայտարարության՝ Գևորգ Ս․-ն այդ ընթացքում ձեռքը տարել է ատրճանակին և սպառնացել, որ եթե գումարը չտա՝ կկրակի ոտքերին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Ն․ Ատաշովին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Գևորգ Ս․-ի և Արթուր Մ․-ի հետ միասին ներկայացվել են են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 335 հոդ. 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ Գևորգ Ս․-ն և Արթուր Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ