13/10/2024

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը, բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է… այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման հանգույն և իմ հոգուց բխեցնելով»:

«Ե՛վ արվեստում, և՛ արվեստից դուրս միշտ իրատեսորեն եմ նայել իմ բոլոր նվիրումներին, առանց չափազանցումների ու առանց գերագնահատումի: Արել եմ այն, ինչը եղել է ազնիվ և ինչը սիրել եմ խորապես: Կյանքում հեշտ ուղիներ չեմ փնտրել ոչ այն պատճառով, որ չեմ կամեցել, այլ որովհետև ես չէի ծնվել հեշտ ապրելու համար:

Ես երջանիկ մարդ եմ իմ կրած բոլոր մեծ ու փոքր դառնություններով հանդերձ»:

Սեպտեմբերի 8-ը հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է:

Երուսաղեմում ծնված և տեղում երաժշտական կրթություն ստացած, ամբողջ Եվրոպան ոտնատակ տված ու համաշխարհային հռչակի արժանացած Օհան Դուրյանը կենդանության օրոք շատերին է զարմացրել իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։

Մինչև 1950-ականները Դուրյանը ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։

1962-1969 թվականներին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվել ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դարձել են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։

Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվել, ինչից հետո մամուլում նրան սկսել են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։

1966-1968 թվականներին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվել երաժշտասերների դատին։

Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։

Այդ պաշտոնից հեռանալուց հետո Դուրյանը հեռացել է Հայաստանից ու հաստատվել Մոսկվայում:

Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։

Տան պատին, որտեղ ապրել է կոմպոզիտորը, հուշատախտակ է տեղադրվել։ Լայպցիգում տպագրվել է «Օհան Դուրյան. դիրիժոր ու կոմպոզիտոր։ Մագնիս։ Հրաբուխ։ Միստիկ» պատկերազարդ ալբոմը։

2007 թվականին Ստաս Նամինի պրոդյուսերական կենտրոնը նկարահանել է «Խոր զգացմունքների մասնագիտություն» ֆիլմը:

2022 թվականի նոյեմբերի 4-ին կոմպոզիտորի 100-ամյակին Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել է նրա արձան-հուշակոթողը։