05/10/2024

Հայ լուսանկարչի՝ Ուինսթոն Չերչիլի իկոնիկ լուսանկարի գողացված բնօրինակը հայտնաբերվել է Իտալիայում․ մանրամասներ. Լուսանկարներ

Հայ լուսանկարչի՝ Ուինսթոն Չերչիլի իկոնիկ լուսանկարի գողացված բնօրինակը հայտնաբերվել է Իտալիայում։ Այս մասին գրել է հայկական «Massispost» պարբերականը։

1941 թվականի լուսանկարը, որը հայտնի է «Մռնչող առյուծ» անվամբ, արվել էր Յուսուֆ Քարշի կողմից անմիջապես այն բանից հետո, երբ Չերչիլը ելույթ էր ունեցել Կանադայի խորհրդարանում: Այն գողացել էին Օտտավայում ու փորձել էին Իտալիայում փոխանակել կեղծ նկարի հետ։

Օտտավայի ոստիկանությունը հայտնել է, որ դիմանկարը հայտնաբերվել է Իտալիայի Ջենովա քաղաքում մասնավոր գնորդի մոտ, ով չգիտեր, որ այն գողացվել է: Իշխանությունները նաև ձերբակալել են Կանադայի Օնտարիո նահանգի Պովասան քաղաքից մի տղամարդու՝ գողության և անօրինական վաճառքի մեղադրանքի շրջանակներում: 43-ամյա տղամարդուն Կանադայում ներկայացվել են մի շարք մեղադրանքներ, ներառյալ՝ զեղծարարություն, գողություն, թրաֆիքինգ, գույքային վնասի պատճառում:

Քննիչները հայտնել են, որ տղամարդը ձերբակալվել է ապրիլի 25-ին, իսկ հաջորդ օրը՝ ներկայացվել Օտտավայի դատարան:

Հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշը պատմել էր, որ լուսանկարն անելու համար ստիպված է եղել հեռանցնել սիգարը Չերչիլի բերանից։ «Մոխրամանը մեկնեցի նրան ու սպասեցի, բայց նա շարունակում էր եռանդով թփթփացնել սիգարը։ Շարունակեցի սպասել։ Հետո քայլեցի դեպի նա և առանց դիտավորության, սակայն հարգանքով ասացի՝ «ներեցեք ինձ, պարոն», և հեռացրի սիգարը նրա բերանից»,- պատմել էր Քարշը լուսանկարի մասին։

Քարշը հետագայում գրել է նաև իր զգացողությունների մասին, երբ լուսանկարելուց հետո վերադարձել է տեսախցիկի մոտ ու նայել Չերչիլին․ «Այնքա՜ն ռազմատենչ տեսք ուներ, որ կարող էր կուլ տալ ինձ»։

Յուսուֆ Քարշը կանադահայ լուսանկարիչ է, ով ժամանակին լուսանկարել է նշանավոր քաղաքական, մշակութային դեմքերի։ Նա համարվում է 20-րդ դարի ամենամեծ դիմանկարային լուսանկարիչներից մեկը։

Հայ լուսանկարչի՝ Ուինսթոն Չերչիլի իկոնիկ լուսանկարի գողացված բնօրինակը հայտնաբերվել է Իտալիայում․ մանրամասներ