15/10/2024

Ադրբեջանն ու ԵՄ-ը․ Հայաստանին ուժային շանտաժի ենթարկելու հնարքը

Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության վարչապետը հայտարարել է, որ իրենք ձգտում են խորացնել հարաբերությունն Ադրբեջանի հետ: Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը չունի միջազգային ճանաչում:

Այդ միավորը ճանաչում է միայն Թուրքիան, իսկ ոչ ֆորմալ կամ արդեն ըստ էության կիասաֆորմալ մակարդակում՝ նաեւ Ադրբեջանը: Ադրբեջանը արդեն ընդհուպ նախագահի մակարդակով շփումներ է ունենում Հյուսիսային Կիպրոս կոչվող միավորի նախագահի, վարչապետի, այլ պաշտոնյաների հետ:

Ավելին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահը Բաքվի հրավերով մասնակցել է նաեւ օկուպացված Շուշիում հուլիսին կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին: Իսկ ի՞նչ է Հյուսիսային Կիպրոսը: Դա Կիպրոսի հանրապետության տարածքի թուրքական օկուպացիայի հետեւանք է, որը շարունակվում է արդեն ուղիղ հինգ տասնամյակ: ՄԱԿ-ը այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսում թուրքական ներկայությունը համարում է օկուպացիա: 2004 թվականի մայիսի 1-ից Կիպրոսը Եվրամիության անդամ է:

Ըստ էության ստացվում է, որ Կիպրոսի հյուսիսային հատվածի հիսնամյա օկկուպացիան արդեն 20 տարի է, ինչ դե ֆակտո նշանակում է ԵՄ տարածքի օկուպացիա: Այժմ դրան ըստ էության միանում է նաեւ Ադրբեջանը: Բաքուն պաշտոնապես չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, բայց ամենաբարձր մակարդակով շփումները դարձել են պարբերական: Որքա՞ն է Բրյուսելը լռելյայն հետեւելու այդ իրողությանը: Այնքան, քանի դեռ Ադրբեջանը գա՞զ է մատակարարում Եվրոպա: Հյուսիսային Կիպրոսի օրինակը ի ցույց է դնում այն երկակի ստանդարտը, որով առաջ է շարժվում միջազգային քաղաքականությունը:

Ավելին, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի խնդրի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ըստ էության միջազգային մանդատի ներքո ճանաչված, ու միջազգային հայտնի երեք սկզբունքների շրջանակում «մանդատավորված» հարց էր՝ տարածքային ամբողջություն, ազգերի ինքնորոշում, ուժի կիրառման եւ կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում:

Ադրբեջանը խախտելով այդ սկզբունքները, ոտնահարելով միջազգային մանդատը, ուժի կիրառումով ոչ միայն էթնիկ զտման ենթարկեց Արցախը, բռնի տեղահանելով Արցախի ժողովրդին, այլ դրան զուգահեռ սկսեց խորացնել պաշտոնական շփումները Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության հետ, փաստացի այդ կերպ տարածքային հավակնություն դրսեւորելով Եվրամիության անդամ պետության նկատմամբ:

Եվ այդ պարագայում, Ադրբեջանը ոչ միայն չի արժանանում համարժեք միջազգային գնահատականի, այլ ըստ էության միջազգային լռության պայմաններում Հայաստանի հասցեին է հնչեցնում իբրեւ թե Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հավակնություն, դրա վրա կառուցելով Հայաստանի ներքին կյանքին իր միջամտությունը՝ Սահմամադրության փոփոխության պահանջի միջոցով, այդ հանգամանքը օգտագործելով նաեւ Հայաստանին ուժային շանտաժի ենթարկելու համար: