12/10/2024

Հետին թվով «թրքատյաց» ձևացող ՀՀԿ-ականին ու մյուսներին առաջարկում ենք ստեպ-ստեպ թերթել իրենց «օջախի հոր» հոդվածների ու լուսանկարների արխիվը

Ընդդիմության քարոզչամեքենայի տարբեր ռանգի «բլբուլներն» ու «աքլորները» նորից ձենները գլուխներն են գցել և զբաղված են «ուշունց»-ի ժանրում ֆեյսբուքյան ստատուսներ ճպպացնելով՝ ևս մեկ անգամ ապացուցելու իրենց հայրենասիրությունն ու թրքատյացությունը և ընդգծելու ՀՀ իշխանության «ապազգային ու թրքահաճ» լինելը։

Առիթը… ԱՄՆ-ում «Թուրքական տանը» Փաշինյան-Էրդողան հանդիպումն է, այդ հանդիպման փաստից «ՀՀ վարչապետ Փաշինյանի երջանկացած դեմքն» ու «լայն բացվածքով» ժպիտը։

Բա սրանից էլ ուժեղ փա՞ստ, անառարկելի ապացո՞ւյց, որ Փաշինյանը «Ցեղասպանությունն ուրացող» է, Էրդողանի «քիփն» ու հովանավորյալը… Ինչպե՞ս կարելի է մեզ ցեղասպանածի «օջախ»՝ «Թուրքական տուն», դիվանագիտական այց կատարել, երբ կարելի է ահաբեկչական ակտ իրականացնել, ինչպե՞ս կարելի է քեզ ցեղասպանածի տուն «Խաղաղության խաչմերուկ»-ով գնալ, երբ կարելի էր «խանչալով» խուժել, ինչպե՞ս կարելի է գիրք նվեր ընդունել, «սեղմել կրծքին» ու լայն ժպտալ, փոխարենն այդ տան պատերին կարմիր ներկ շփելու ու գրելու՝ «արյունն արյունով է պետք լվալ»… և որպես հետգրություն՝ «Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի»…

Ահա այս՝ ցածր ու ճղճիմ մակարդակում է հայ-թուրքական հարաբերությունների ներկայի ու ապագա հեռանկարների մասին ընդդիմության վերջին երկու օրերի խոսվածքը։ Ոչ թե ռացիոնալ բանավեճ, տեսակետների բախում, այլ՝ իռացիոնալ հաթաթաներ, վայնասուն ոչնչի մասին։ Հայ-թուրքական հարաբերությունների ժխտում, բացառում և ոչ՝ հարաբերությունների այլընտրանքային մոդելի առաջքաշում, ավելի որակյալ և կենսունակ, քան առաջարկում է ՀՀ գործող իշխանությունը։ «Էսքան տարի թուրքերի հետ փակ սահմանների պայմաններում ապրել ենք, էլի կապրենք»։ Ահա այն խղճուկ տեսլականը, որն առաջարկում է տիտղոսային ընդդիմությունը։ Ցավալի է արձանագրելը, որ այս դոգմատիկ, փակուղի տանող խոսվածքը դեռ կենսունակ է մեզանում, որին հղում անելով էլ հանրային որոշակի տրամադրություններ է գեներացվում ընդդեմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։

Պարզապես ապշեցուցիչ է, որ այս ցածրակարգ բանավեճում (մասնավորապես նաև Փաշինյան-Էրդողան վերջին հանդիպման, Փաշինյանի «լայն ժպիտի» թեմայով) ներգրավված են ընդդիմադիր այն գործիչները, որոնք լրջմիտի համբավ են վայելում, և որոնց իշխանություն եղած ժամանակ էլ սկիզբ է դրվել հայ-թուրքական հաշտեցման և կամ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Խոսքը մասնավորապես ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի թիմակիցների մասին է, այն Սարգսյանի, որի պաշտոնական հանդիպումների արխիվը լի է իր՝ «լայն բացվածքով» ժպիտների կադրերով։ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում զետեղել է «ֆուտբոլային դիվանագիտության» «վաղ շրջանում» արված մի լուսանկար, որտեղ կադրում չժպտացող, այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանին խոժոռ նայող Սերժ Սարգսյանն է, մյուս լուսանկարում ժպտացող Փաշինյանն ու Էրդողանն են։ «Մերժեցիք արժանապատվությունը, ստացաք մուրացկանությունը»՝ կից գրել է Շարմազանովը, որը երևի թե տեղյակ չէ, որ «նորին ամենագիտություն» «Գուգլ»-ը դեռ պահպանում է «թուրքի էրեսին ժպտացող» Սերժ Սարգսյանի լուսանկարները։ Չենք հիշում, որ այդ օրերին, երբ Սերժ Սարգսյանն էր նախագահն ու անողոք քննադատվում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման համար, ընդդիմադիր ուժերի բանավեճը ծավալվեր նման պրիմիտիվ՝ «եթե ժպտում է, ուրեմն ուրանում է, եթե ժպտում է, ուրեմն մուրացկանությամբ է զբաղվում» մակարդակում։ Ի դեպ, պարոն Շարմազանովը մեջբերել է նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթից մի հատված՝ «Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից»։ Այս նստաշրջանը, նկատենք, 2014-ին էր, այսինքն՝ այն շրջանում, երբ այլևս ակնհայտ էր՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը փակուղում է, Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում դրանց վավերացման համար, և այդ նախապայմանը ԼՂ խնդիրն է։ Ի դեպ, նույն այդ ելույթում է, որ Սարգսյանը «գրողի ծոցն» ուղարկեց Թուրքիային՝ վավերացման համար նախապայմաններ առաջ քաշելու համար։ Զարմանալի է, թե ինչու ելույթի այդ հատվածը ևս Շարմազանովը չի մեջբերել՝ Սերժ Սարգսյանի տղամարդկային, ոչ մուրացիկ, արժանապատիվ կեցվածքը ցուցադրելու համար։

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահին ու կարճ հիշողություն ունեցող նրա ընդդիմադիր մյուս գործընկերներին ուզում ենք հիշեցնել Սերժ Սարգսյանի «թրքահաճության» ցցուն օրինակները՝ զերծ մնալով նրան «անարժանապատիվ կեցվածք» ցուցաբերելու, «մուրացկանություն» անելու մեջ մեղադրելուց։ Այդ «փեշակը» ընդդիմության ձեռքից խլել չենք ուզում։

Եվ այսպես, Շարմազանովի կուսղեկի «թուրքական ռևերանսների» առաջին դրսևորմանը ականատես եղանք ոչ թե նախագահի կարգավիճակում՝ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարության տեսքով, որով ազդարարվեց «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը, այլ շատ ավելի վաղ, նրա՝ դեռևս պաշտպանության նախարար եղած ժամանակ։

Այո, կար ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը միջազգային մամուլում հանդես էր գալիս հոդվածներով՝ դրանք նվիրելով անցյալի կնճռոտ խնդիրները հարթելուն և դեպի ապագային նայելուն։ Ճիշտ նույն տրամաբանությամբ, որով այժմ առաջնորդվում է գործող իշխանությունը: Մասնավորապես 2007-ին «Ուոլ սթրիթ ջորնալ»-ում տպագրված «Չնայած ցեղասպանությանը» հոդվածում ՀՀ ապագա նախագահը խոսում է այժմ էլ արդիական հարցերի շուրջ։ Մասնավորապես՝ «պետականությունը, որ ունեն թե՛ հայերը, թե՛ թուրքերը, բնակարան չէ: Դուք չեք կարող այն վաճառել ու մեկնել: Ո՛չ թուրքերը, ո՛չ հայերը տարածաշրջանը չեն լքելու: Տրամաբանական ելքը միմյանց հետ բնականոն հարաբերություններ ունենալն է: Սա այն է, ինչ հարևաններն անում են արդի աշխարհում»: Հիշյալ հոդվածում Սարգսյանն անդրադառնում է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարին և շեշտում. «Հայ-թուրքական հարաբերությունները և Ցեղասպանությունը, անշուշտ, կարևոր գործոններ են, որոնք պետք է նկատի առնվեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ժամանակ: Անհրաժեշտ է հիշել անցյալը՝ ապագայում մարդկության դեմ կատարված նման հանցագործությունների կրկնությունը բացառելու նպատակով: Այնուհանդերձ, Հայաստանն ունի պարզ ու գործնական դիրքորոշում Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Մենք կողջունենք Թուրքիայի հետ բնականոն դիվանագիտական ու այլ հարաբերությունների հաստատումը առանց նախապայմանների: Սա նշանակում է՝ չկապել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ցեղասպանության ճանաչման հետ»,- գրում է նախարար Սարգսյանը սույն հոդվածում՝ շարունակելով. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ մեկտեղ, կարծում ենք, որ ԵՄ անդամակցության բանակցությունների կամ հնարավոր անդամակցության դեպքում Թուրքիան մեզ համար կդառնա տնտեսապես ամուր և կայուն հարևան: Սա բխում է թե՛ Հայաստանի և թե՛ Թուրքիայի շահերից: ԵՄ անդամակցությամբ Թուրքիան կդառնա ավելի կանխատեսելի: Միշտ էլ հեշտ է գործ ունենալ կանխատեսելի հարևանի հետ»։ Նկատենք՝ այս հոդվածը, որում բավական արժեքավոր ուղերձներ կան, հայ-թուրքական հարաբերությունների այն «անատոմիան» է, որի տրամաբանության շրջանակում էլ այս ողջ ընթացքում, ինչ սկսվել է հայ-թուրքական գործընթացը, ՀՀ դիվանագիտությունը փորձում է աշխատել՝ որպես առաջնահերթություն դիտարկելով «կանխատեսելի հարևանի հետ» գործ ունենալը։

Հետին թվով «թրքատյաց» ու հայրենասեր ձևացող Շարմազանովին և մյուսներին առաջարկում ենք ժամանակ առ ժամանակ վերընթերցել իրենց «օջախի հոր» հոդվածները, հարցազրույցները, որոնք, հույս ունենք, կստիպեն վերադառնալ ադեկվատության ռեժիմ ու ստատուսներ գրելուց, լուսանկարներ հրապարակելիս ապուշի տեղ չդնել ինքզինքը։ Եվ հատկապես՝ ժողովրդին։

Հ. Մանուկյան