12/10/2024

Պետք է օգնել երիտասարդներին դասականը ճիշտ տարբերակել․ Արսեն Սողոմոնյան

Արդի ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի համերգաշարը Երևան է գալիս․ հոկտեմբերի 2-ից 11-ը մայրաքաղաքում կհնչի Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ»-ը։

Այն կմեկնարկի հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք կամերային մենահամերգով։ Կամերային համերգները կշարունակվեն հոկտեմբերի 4-ին Մատենադարանում և հոկտեմբերի 6-ին՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահում, (նվագակցող՝ Ելենա Վարդազարյան)։ Համերգաշարը կեզրափակվի մեծ մենահամերգով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Սողոմոնյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ հռչակավոր դիրիժոր Անտոնելլո Ալեմանդիի ղեկավարությամբ։

Arsen Soghomonyan - Festival d'Aix-en-Provence - Photos - Ôlyrix

Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը համերգի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես է առաջացել Հայաստանում նման համերգաշար կազմակերպելու գաղափարը․ «Ինձ բախտ է վիճակվել տարբեր երկրներում Արսենի համերգներն ունկնդրել, Աթենքում համերգի ավարտից հետո բոլոր հուզվել էին, փորձում էի թաքցնել հուզմունքս, բայց հետո տեսա, որ բոլորն այդ վիճակում են։ Հանդիսատեսը Արսենին ճանապարհեց ծափահարություններով, և ես մտածեցի՝ ինչո՞ւ օտար հանդիսատեսը պետք է հիանա մեր արտիստով, իսկ մեր հայ հանդիսատեսը այդ հնարավորությունը չունենա։ Ելնելով այս հանգամանքից, և, չնայած նրան, որ Արսենի համերգացանկը հագեցած է մինչև 2028 թվականը, ես ցանկացա մի ծրագրի հնարավորությունն էլ տալ մեր հանդիսատեսին»:

Ծրագրի նպատակը երիտասարդությանը, ուսանողությանը բարձր դասական արվեստի հետ մերձեցնելն է, այդ պատճառով ծրագիրը բաղկացած է մի քանի համերգից։

Արսեն Սողոմոնյանն էլ մանրամասնեց համերգի խորագիրը․ «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ»-ը նրա մասին է, որ արվեստը չունի սահմաններ։ Մարդիկ պետք է հասկանան, որ տարբեր ազգերի հոգեբանական մեկնաբանումները համամարդկային զգացմունքների վերաբերյալ գրեթե նույնն են։ Մենք՝ բոլորս, գրեթե նույն հոգեբանության տեր մարդիկ ենք․ սա է խորագրի իմաստը։ Հետևաբար փորձում ենք փոխանցել, որ դասական արվեստը չի խառնվում այլ երևույթների, այլ բեմից միավորում է մարդկությանը»։

Վերջինս համոզված է, որ շատ հաճելի կլինի, երբ հասարակությունը փորձի ավելի մոտենալ իրական դասական արվեստին։ Ըստ նրա՝ համերգները պետք է ցույց տան, թե ինչքանով է հասարակությունը պատրաստ ընդունել դասական արվեստը։

Որքանո՞վ է երիտասարդությունը հետաքրքրվում դասական երաժշտությամբ, Սողոմոնյանը նկատեց․ «Այսօր ես տեսնում եմ, որ Հայաստանում ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք կարողացել են ընդլայնել իրենց դիրքը տարբեր հարթակներում։ Ես նկատում եմ, որ դասական արվեստի հանդեպ ուշադրությունը բավական բարձր է, այլ բան է, որ պետք է օգնել երիտասարդներին դասականը ճիշտ տարբերակել, որովհետև այլևս դասական արվեստի կրողն էլ է վախենում ձանձրալի թվալուց և սկսում է էստրադային բեմի օրենքները բերել դասական, բայց վատ ծառայություն է մատուցում։ Արտիստը բեմում չպետք է պարի, թռվռա, հումորային երևույթներ բերի բեմ, նա եթե ներկայացնում է, օրինակ, Չայկովսկի, ունկնդիրը, գալով դասական երաժշտական համերգի, պետք է լսի ձայնի հոգու համամարդկային արժեքները»։

Արսեն Սողոմոնյանը ՀՀ նախագահի պետական մրցանակակիր է։ Նա նաև Պավել Լիսիցյանի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրն է, որտեղ արժանացել է Լիսիցյանների ընտանիքի հատուկ մրցանակին և պատիվ ունեցել վարպետության դաս վերցնել հենց լեգենդար Լիսիցյանից։ 2009 թվականին Սողոմոնյանը կատարելագործվել է Իտալիայում։
May be an image of 1 person and text