13/11/2024

ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձի բարձրացումը բուհի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված միջոցառումներից է. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով։ ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձի բարձրացումը բուհի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված միջոցառումներից է՝ նպաստելու աշխատողների կենսամակարդակի բարձրացմանն ու բարելավելու աշխատանքային միջավայրը:

Տեղեկացնեմ, որ 2022 թվականից ի վեր ԵՊՀ-ում արդեն իսկ 3 անգամ 10 տոկոսով բարձրացել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, 2 անգամ էլ տասը տոկոսով՝ բոլոր աշխատակիցների հիմնական աշխատավարձերը։

Բացի դրանից՝ ուսումնաօժանդակ համակազմի աշխատավարձը վերապատրաստման և ատեստավորման արդյունքում աճել է մինչև 50 տոկոսով՝ նպաստելով ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հաղորդակցության ամրապնդմանն ու միջավայրի լավարկմանը։

Հատկանշական է նաև, որ ԵՊՀ-ում հաստատված կարգի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն առաջիկայում հնարավորություն կունենան կամավոր անցնելու ատեստավորում, որի արդյունքում նրանց աշխատավարձը կարող է բարձրանալ 20-40 տոկոսով։
Այս փոփոխությունները բազում ծրագրերի մի մասն են, որոնք ուղղված են աշխատանքի որակի բարելավմանն ու ԵՊՀ զարգացմանը։