Ադրբեջանի պատկան մարմինները հաղորդագրություն էին տարածել Բաքվի նավթավերամշակման գործարաններից մեկում «տեխնոգեն վթարի» մասին:
Հավելյալ ոչ մի մանրամասնություն հայտնի չէ, բացի անկախ լրատվամիջոցների ակնարկներից, որ ոստիկանությունը փակել է նավթագործարանին հարող ավտոճանապարհները և փողոցները: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրների տեղեկությամբ՝ մասնակի հրդեհվել է Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի մի արտադրամաս:
Նավթավերամշակման այդ գործարանը գտնվում է Բաքվի Խաթայիի շրջանում, որ կենտրոնից այնքան էլ հեռու չէ և արտադրում է բենզին ու դիզվառելիք: Նոյեմբերի 1-ին «Թուրան» գործակալությանն են դիմել այդ շրջանի մի խումբ բնակիչներ և հայտնել, որ մի քանի օր է՝ թունավոր հոտ են զգում և գլխապտույտ են զգում, ունեն արցունքաբերության հետ կապված խնդիրներ:
Լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել բնապահպանության նախարարության համապատասխան գործակալության հետ, որ պետք է Բաքվի մթնոլորտի աղտոտվածության շուրջօրյա մշտադիտարկում իրականացնի, սակայն բոլոր զանգերը մնացել են անպատասխան:
Ըստ լրատվամիջոցի՝ Բաքվի այդ շրջանում երրորդ օրն է՝ օդում սմոգ է, որ տարածվում է դեպի կենտրոն: Քանի որ պատկան ծառայությունները մեկնաբանություն չեն անում, լրատվամիջոցն առաջադրել է իր վարկածը. նավթի վերամշակման ընթացքում առաջանում են գազեր, որ արտանետվում են մթնոլորտ: Որպես կանոն՝ գործարանը պետք է ուղեկցող թունավոր գազերը վառի, բայց երրորդ օրն է՝ գազավառիչ ջահը չի գործում:
Այսինքն՝ անջատված թունավոր գազերն ամբողջությամբ արտանետվում են մթնոլորտ: «COP29-ին ընդառաջ դա լավագույն վկայությունն է, թե ինչ վիճակում է Բաքվի մթնոլորտը»,- հեգնել է «Թուրանը»: Մինչ այդ MeydanTV-ին արձանագրել է անձրևի պատճառով Բաքվում «համաշխարհային ջրհեղեղը» և ծաղրել, որ, երևի Ադրբեջանի իշխանությունները երկնայինի հետ պայմանավորվածություն ունեն, որ COP29-ի օրերին տեղումներ չեն լինի, թե չէ հյուրերի անվտանգությունը շատ դժվար կլինի ապահովել:
Ոչ մի կերպ չի ցրվում նաև COP29-ի շուրջ տեղեկատվական «սմոգը»: Հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը մետրոյի կայարանում ձերբակալել է Nida շարժման ակտիվիստ Թուրքսոյին: Հաջորդ օրը դատարանը նրան ենթարկել է 30-օրյա վարչական կալանքի: Շարժման գրասենյակում կատարվածը բացատրել են իշխանությունների անհանգստությամբ. Թուրքսոյը կարող էր Կլիմայի հարցերով խորհրդաժողովի օրերին, ի պաշտպանություն քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիաներ կազմակերպել, ուստի նրան մեկ ամսով մեկուսացրել են:
Նավթավերամշակման գործարանի «տեխնոգեն վթարը» կամ հորդառատ անձրևը, իհարկե, միջազգային խորհրդաժողովի կազմակերպման հարցում անհաղթահարելի խոչընդոտներ չեն: Իշխանությունը հնարավորություն ունի VIP հյուրերին բարձրակարգ ընդունելություն ցույց տալ Ապշերոնյան թերակղզում վերջին տարիներին կառուցված հանգստի գոտիներում:
Էական է քաղաքական «սմոգի» պարագան, որ իրեն գնալով ավելի է զգացնել տալիս: Բազմաթիվ երկրների առաջնորդներ Բաքու չեն այցելի: Իսկ Ալիևը նախատեսում էր հետպատերազմական «տրիումֆ» կազմակերպել և հասնել նրան, որ Ադրբեջանի տարածաշրջանային հեգեմոնիան առնվազն ոչ պաշտոնական լեգիտիմություն ստանա:
Ադրբեջանի նախագահի համար, երևում է, ծանր է եղել Ղազախստանին ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ շնորհելն այն դեպքում, երբ Աստանան կառույցին անդամակցելու հայտ չի ներկայացրել, իսկ Բաքուն դեռևս օգոստոսին է ԱԳՆ մակարդակով այդ ցանկությունը բացահայտել:
Ստացվում է, որ Ղազախստանը ԲՐԻԿՍ-ում ավելի մեծ հեղինակություն և կարևորություն ունի, քան Ադրբեջանը, թեև Իլհամ Ալիևն այն կարծիքին է, որ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցության «բանալին Բաքվում է»: Աշխարհագրական առումով նա, թերևս, ճիշտ է, բայց մի՞շտ է, որ ֆիզիկական պարամետրերը քաղաքական համագործակցության հիմք են: Եթե այդպես լիներ, Ռուսաստանն Ուկրաինայի դեմ չէր պատերազմի:
Բաց մի թողեք
Ասադը կործանվեց, ինչ է սպասվում մեր տարածաշրջանին, հիմա բոլորը ողջունում են հակակառավարական ուժերին
Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին
Անհոգնել կրկնելով, թե Հայաստանը էսկալացիայի խնդիր չունի Ադրբեջանի հանդեպ՝ պատերազմ չի լինի՞