04/12/2024

Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը. Լուսանկար

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի վեց համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Խաչատրյանի, Շոստակովիչի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Դվորժակի, Բարբերի, Սըր Կառլ Ջենքինսի, Բրամսի, Բերգի, Լիստի և Շոպենի հայտնի ստեղծագործությունները:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի երաժիշտներ Լեյա Զուն (ջութակ), Կլարա-Ջումի Կանգը (ջութակ) և Սոֆի Քաուերը (թավջութակ)։ Մենահամերգով հանդես կգա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։

Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև դիրիժորներ Մարկո Կրիսպոն (Իտալիա) և Մարկո Պարիսոտտոն (Կանադա)։

Փառատոնի բացման համերգը նվիրված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին՝ «Յուրաքանչյուր երեխայի համար․ իրավունքների և երազանքների սիմֆոնիա» խորագրով։
Խաչատրյանական փառատոնի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Փառատոնի գործընկերն է՝ Խախամյան հերիթիջը։

Նշենք նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։