15/01/2025

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին 15,3 միլիոն դոլար է հավաքագրվել. որ երկրից որքան գումար են նվիրաբերել

Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15 մլն 302 հազար 500 ԱՄՆ դոլար:

Այս մասին հաղորդում են Համահայկական հիմնադրամից։

«Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2024» դրամահավաքի արդյունքներն ըստ երկրների.

Հայաստան՝ $1,218,185

ԱՄՆ՝ $7,700,717

Ֆրանսիա՝ $3,430,000

Տորոնտո (Կանադա)՝ $1,052,000

Գերմանիա՝ $133,000

Նիդերլանդներ՝ $50,000

Արգենտինայի և Բրազիլիայի համատեղ դրամահավաք՝ $47,529

Մեծ Բրիտանիա՝ $40,000

Արգենտինա՝ $39,000 (հավելյալ հանգանակություններ)

Ավստրալիա՝ $20,000

Ռումինիա՝ $1,995

Անանուն նվիրատուներ տարբեր երկրներից՝ $1,570,000

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ տարածքում գործող բանկերին, որոնք իրենց մեծ ավանդը ներդրեցին համայն հայության համար կարևոր այս դրամահավաքին` ընդհանուր առմամբ հանգանակելով 280,000,000 ՀՀ դրամ (Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ֆասթբանկ, Էվոկաբանկ, Հայէկոնոմբանկ, ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, ԱՄԻՕ բանկ, Կոնվերսբանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ, ԱրմՍվիս բանկ): Հանգանակությունների համար շնորհակալություն ենք հայտնում նաև ԱԿԲԱ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած ԱԿԲԱ Վիզա Բարերար քարտի քարտապաններին, Digitain կազմակերպությանը, «Տիգրան Մեծ» հրատարակչությանը, ԵՊՀ Հիմնադրամին, Գառնի Ինվեստ ՈւՎԿ–ին, «Թել Սել»–ի բաժանորդներին, ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ին, «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ին, ինչպես նաև բոլոր նվիրատուներին:

Նշենք, որ «Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

– սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,

– համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,

– սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,

– սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,

– բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,

– մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։

Բացի վերոնշյալից, 2025-2026թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝

1. Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:

2. Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

Շնորհակալ ենք Հիմնադրամի միջազգային ցանցին, բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ 2025-26թթ. ընթացքում ՀՀ սահմանային բնակավայրերում ապրող տասնյակ հազարավոր շահառուներ կօգտվեն Հիմնադրամի կողմից իրականացվող զարգացման ծրագրերից»,- ասված է հաղորդագրությունում: