19/01/2025

Ապրումների, հույզերի և վայելքի անմոռանալի երեկո. կայացել է «Ավետիս» լարային քառյակի համերգը. Լուսանկար, Տեսանյութ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 19-ին կայացել է «Ավետիս» լարային քառյակի համերգը՝ նվիրված վաստակավոր մանկավարժ, ջութակահարների մի քանի սերունդ կրթած Պետրոս Հայկազյանի 100-ամյակին։

Համերգին ներկա է եղել բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը, որը կիսվել է իր տպավորություններով:

«Նորաստեղծ քառյակն արդեն իսկ բուռն գործունեություն ծավալած, միջազգային հարթակներում հաջողություններ գրանցած, Իտալիայում, Գերմանիայում ելույթների նոր հրավերներ ստացած բարձրակարգ երաժշտական համույթ է։

Ասվածի ապացույցը բացառիկ հրաշալի ծրագրով տպավորիչ համերգն էր։

Հաճախ եմ լսում ու խորագույն ապրումներ ունենում գերմանացի կոմպոզիտոր Շուբերտի հատկապես այս ստեղծագործությունն ունկնդրելիս, որը հեղինակն անվանել է «Մահը և աղջիկը» (թիվ 14 լարային կվարտետ)։

Թեև այս գործն արթնացնում է ամենախոր հույզերն ու կրած տառապանքների տխուր  հիշողություններ, բայց միաժամանակ ներաշխարհի ու տրամադրության վրա թողնում  է   ինքնամաքրման, ինքնախոստովանության, անկեղծանալու ու գեղեցիկ զգացմունքներ դրսևորելու ներգործություն։

Այս գործը մշտապես փափագում էի ունկնդրել կենդանի կատարմամբ…

Այն իմ ներաշխարհի, հույզերի ու տրամադրության, իմ պոռթկումների, ներշնչանքի, արարումների մղող աստվածային ստեղծագործություն է։ Իմ երախտագիտությունը «Ավետիս» լարային քառյակին, արդեն իսկ բարձրակարգ երաժշտական համույթին, որի վերելքը համերգից համերգ ակնհայտ է, հնչյունային-երաժշտական, տեխնիկական֊կատարողական, հոգեկան֊զգացմունքային փոխըմբռնումը քառյակի հրաշալի երաժիշտների միջև այսօր կատարյալ էր։

Բարձր գնահատանքս Ձեզ՝ հրաշալի, գողտրիկ այս գործի նույնքան հրաշալի մատուցման համար։

Հայկ Մելիքյանի և քառյակի համագործակցությունը նույնպես տպավորիչ էր, Դվորժակի դաշնամուրային թիվ 2 կվինտետը հնչեց պատշաճ շեշտադրումներով և նրբերանգներով։

Խոր ապրումների, հույզերի ու զգացմունքների համար իմ երախտագիտությունն եմ հայտնում քառյակին, նաև իմ պատրաստակամությունը՝ տաղանդավոր երաժիշտներին աջակցելու»,- գրել է նա:

Վահան Վարդապետյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել՝ այստեղ: