21/01/2025

Ինչ է սպասվում ատեստավորումը չանցած ուսուցիչներին

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն առաջին անգամ կազմակերպվել էր էլեկտրոնային ձեւաչափով, որին մասնակցելու համար դիմել էր 6 հազար 260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ:

Սակայն հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել էր միայն 4 հազար 982-ը (փաստորեն, 1278 հոգի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, փոշմանել եւ չէր ներկայացել ատեստավորմանը)։

ԿԳՄՍ նախարարը, նախօրեին ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին, նշել էր, որ նրանք կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան հստակեցումներն օրենսդրության մեջ արվել են այս տարի, հետեւաբար, դրանք հետադարձ ուժ չունեն։

«Սա նշանակում է, որ բոլոր մասնակից ուսուցիչները, որ դրական արդյունք չունեին, եւս մեկ հնարավորություն ունեն՝ ատեստավորմանը մասնակցելու եկող տարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հաղթահարել է շեմը, հույս ունեմ, որ դուք նույնպես բարձր արդյունք կգրանցեք։ Իսկ այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը»,- նշել էր նա։
Ըստ ԿԳՄՍՆ-ի, ատեստավորմանը մասնակցածները ցուցաբերել են հետեւյալ արդյունքները․ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն (200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար), 70-79% արդյունք՝ 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով), 80-89% արդյունք ցուցաբերել է 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով), 90-100% արդյունք՝ 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով), 0-59%  արդյունք՝ 1162-ը: Սրանք, ըստ էության, ատեստավորումը չհաղթահարած մարդիկ են։

Հատկանշական է, որ գործող ուսուցիչներից 2024 թվականին կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցել է 2 հազար 825-ը, այս պահին չաշխատող եւ առաջին անգամ մասնակցած անձանցից գործընթացին առաջին անգամ մասնակցել է 272-ը: 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել է 2 հազար 250-ը, նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել է 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող անձանցից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը եւ արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը:

Նկատենք, որ ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումներից եւս դժգոհությունները մեծ էին: Դրանք հիմնականում վերաբերում էին թեստերի բովանդակությանը, ատեստավորման նոր` էլեկտրոնային ձեւաչափին ու դրանից բխող մի շարք տեխնիկական խնդիրների: Հատկանշական է, որ գրեթե բոլոր առարկաներից եղել են դժգոհություններ, այդ թվում՝ բողոքարկումներ։