17/01/2025

Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Հունվարի 3-ին Երևանի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով, մտել են նույն 27-ամյա երիտասարդի տուն, գողացել բջջային հեռախոսներ և 50 հազար դրամ։

Հետագա գործողություններով պարզվել է նաև ավազակություն ու բնակարանային գողություն կատարած անձանց ինքնությունը: 36-ամյա տղամարդը՝ Մանուշյան փողոցում, իսկ 24 և 28 տարեկան երիտասարդները Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ձերբակալվել են։

Տուժողը հրավիրվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: