17/02/2025

Ո՞ր ոլորտներում է Կոբախիձեն պատկերացնում ՎՀ, ՀՀ, ԱՀ եռակողմ ձևաչափ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Թբիլիսին Երևանին ու Բաքվին առաջարկում է կովկասում եռակողմ նախաձեռնությունների ներգրավում՝ տարբեր ոլորտներում:

Կոբախիձեն հունվարի 17-ին ժամանել է Բաքու, իսկ նրանից առաջ Բաքվում էր Վրաստանի նոր արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին: Նա, ի դեպ, Բաքվում հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է իր հնարավորություններն օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջ մղելու համար:

Փաստորեն, Վրաստանը նույնիսկ ունի կոնկրետ առաջարկ: Իհարկե, դժվար է գնահատել, թե որքանով է կոնկրետ Թբիլիսիի առաջարկը, որովհետեւ Կոբախիձեն չի ներկայացրել մանրամասներ, կամ դրանք չի ներկայացրել Վրաստանի կառավարությունը:

Ի՞նչ եռակողմ ձևաչափի մասին է խոսում Վրաստանի վարչապետը, հատկապես ո՞ր ոլորտներում է նա պատկերացնում եռակողմ ձևաչափ, ու աշխատանքային ինչ տրամաբանությամբ: Թբիլիսին փորձելու է Երևանից ու Բաքվից ստանալ կոնկրետ առաջարկի համաձայնությո՞ւն, թե՞ նախնական համաձայնություն կոնկրետ առաջարկ մշակելու և ներկայացնելու համար:

Բոլոր դեպքերում, ըստ ամենայնի, վրաց-ադրբեջանական այդ շփման ֆոնին, թերևս, մոտ ապագայում կլինի նաև հայ-վրացական շփում, ինչի մասին խոսել էի նախօրեին՝ դիտարկելով Վրաստանի արտգործնախարարի այցը և հայտարարությունները Բաքվում:

Վրաստանի այդ տրամադրվածությունն ունի թերևս մեկ այլ ուշագրավ շերտ, որը համենայն դեպս կարող է ունենալ հարցադրման տեսքով գոյության իրավունք: Եռակողմ որևէ ձևաչափի գաղափարով Վրաստանն արդյո՞ք փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել 3+3 ձևաչափի այսպես ասած որոշակի «զուգահեռ», որը, ըստ Վրաստանի պատկերացման, կարող է թույլ տալ ռեգիոնալ եռյակին որոշակի ճկունության շերտ ձևավորել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, իսկ գուցե նաև ավելի լայն իմաստով՝ այդ թվում արտառեգիոնալ խոշոր դերակատարների, ուժային կենտրոնների հետ հարաբերություններում:

Սակայն այդ հնարավոր «մտքի» առկայության պարագայում կա մյուս հարցը, թե դրան որքանով կարող է կառուցողական վերաբերել Ադրբեջանը, որն ակնհայտորեն հավակնում է լինել ոչ թե կովկասյան եռյակի այսպես ասած հավասար անդամ, այլ գերակայության հասնել թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի նկատմամբ, ու զբաղեցնել կովկասյան «վերադասի» դիրք:

Հետևաբար, Ադրբեջանից հազիվ թե հնարավոր լինի ակնկալել գործնական և կառուցողական վերաբերմունք: Առավելագույնը, որ կարող է անել Բաքուն այդ իմաստով, Վրաստանի առաջարկն ընդամենը իր հավակնություններին ծառայեցնելու փորձն է: Ադրբեջանն այդ իմաստով շատ վաղուց դիրքավորվել է խաղաղության և Կովկասի միջև պատնեշի կարգավիճակով: