Մոսկվայում Պուտին-Փեզեշքիան բանակցություններից և ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ցիվիլևը հայտարարել է, որ Ռուսաստան-Իրան գազամուղը կանցնի Ադրբեջանով, երթուղին արդեն համաձայնեցված է:
«Այժմ գտնվում ենք բանակցությունների եզրափակիչ փուլում, ծավալները (գազի տարանցման) արդեն համաձայնեցված են, կողմերը քննարկում են նախագծի արժեքը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ցիվիլևը:
Ռուսաստանից Իրան գազի արտահանման մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա գնահատմամբ՝ առաջին փուլում արտահանման ծավալները կկազմեն տարեկան երկու-երեք միլիարդ խորանարդ մետր, բայց «հնարավոր է հասցնել տարեկան հիսունհինգ միլիարդ խորանարդ մետրի»: Ըստ որոշ աղբյուրների՝ Իրանը մտադիր է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ իր տարածքում գազային հաբ ստեղծել:
Բաքվի «Թուրան» գործակալությունը, ներկայացնելով Պուտին-Փեզեշքիան բանակցությունների հրապարակային արդյունքները և Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան գազատարի կառուցման մասին պաշտոնական տեղեկատվությունը, հավելում է, որ այդ նախագծի մասին պաշտոնական Բաքուն ոչինչ չի հաղորդում։
Ոչ միայն իշխանությունները, Ադրբեջանի քաղաքական և փորձագիտական շրջանակները նույնպես ռուսաստանյան կողմի բարձր մակարդակով արված հայտարարություններին չեն արձագանքում:
Անկասկած, ճիշտ չէր լինի մտածել, թե Ռուսաստանի և Իրանի նախագահները Մոսկվայում այնպիսի համաձայնության են եկել, որից Ադրբեջանի նախագահը տեղյակ չէ: Նման հարցերը քննարկվում և համաձայնեցվում են տևական ժամանակ:
Բայց Բաքուն ինչո՞ւ չի հաստատում, որ իրոք Ռուսաստան-Իրան գազատարի նախագիծ է մշակվում և այն պետք է անցնի Ադրբեջանի տարածքով: Ըստ երևույթին՝ Ալիևը զգուշանում է Միացյալ Նահանգների արձագանքից և սպասում է ընտրված նախագահ Թրամփի պաշտոնամուտին:
Միջազգային մամուլի տեղեկացվածությամբ՝ հունվարի 20-ին, նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Թրամփը շատ կարևոր հայտարարություն է անելու նաև Մերձավոր Արևելքի և Իրանի «միջուկային ծրագրի» վերաբերյալ:
Ըստ տեղեկությունների՝ նա թիմին ասել է, որ պետք է հրապարակայնացվի ԱՄՆ հետևյալ մոտեցումը: «Մենք Իրանի ժողովրդին ոչինչ վատ չենք ցանկանում, չունենք այդ երկրում ռեժիմ փոխելու մտադրություն, բայց Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»: Եթե այդ տեղեկությունն իրոք Իրանի վերաբերյալ Թրամփի սպասվող հայտարարության «բանալի» ձևակերպումը ճիշտ է փոխանցում, ապա ռուս-իրանական նոր պայմանագիրը պետք է ԱՄՆ-ին այնքան էլ չանհանգստացնի:
Այդ դեպքում Ռուսաստանի և Իրանի միջև տրանզիտի ապահովումն Ադրբեջանի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում սկզբունքային խոչընդոտ չի լինի: Ըստ երևույթին՝ ռուս-իրանական «գազային գործարքով» շահագրգռված է նաև Թուրքիան, որովհետև դեպի Եվրոպա գազի արտահանման լրացուցիչ հնարավորություն է ստանում:
Ադրբեջանի համար այդ նախագծին մասնակցությունը կարող է խնդրահարույց լինել Իսրայելի հետ հարաբերությունների առումով: Ակնհայտ է, որ Իսրայելն Իրանի տնտեսական հնարավորությունների ընդլայնմամբ շահագրգռված չէ, բայց այդ ինքն էլ Եվրոպա գազի արտահանման հավակնոտ ծրագրեր ունի:
Նպաստելով, որ Իրանը Մերձավոր Արևելքում «գազի հաբի» վերածվի՝ Ադրբեջանը կամա, թե ակամա «տրորում է» Իսրայելի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական շահերը:
Բաքուն, իհարկե, Ռուսաստան-Իրան գազատարի հարցում տևական պաուզա չի կարող պահել: Հավանական է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը նաև այդ հարցերի շուրջ է Իլհամ Ալիևի հետ քննարկում ունեցել: Մնում է սպասել, թե տարածաշրջանային և միջազգային քաղաքական զարգացումների ո՞ր հարմար պահի Ադրբեջանի նախագահը կխոսի Ռուսաստան-Իրան հաղորդակցության տրանզիտն ապահովելու մասին: Ի՞նչ համատեքստ կներկայացնի նա:
Բաց մի թողեք
ՌԴ կոնսլագերից հերթական բարբաջանքները Գալուզինի շուրթերից
Երբ հանրության յուրաքանչյուր շերտ ունի իր ճշմարտությունը
Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել