Լրացավ Բաքվի 1990թ. հունվարի 20-ի «իրադարձությունների» 35-րդ տարին: Այդ մասին մեզանում իշխող ընկալումն այն է, որ սկսած հունվարի 13-ից Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպվել են հայ բնակչության ջարդեր, ի վերջո՝ բռնատեղահանություն:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիազադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում այդ օրերի Բաքուն համեմատել է ֆաշիստական Գերմանիայի քաղաքների հետ, որտեղ հրեաների որս էր կազմակերպվում:
Բայց երեսունհինգ տարի առաջ Բաքվում ոչ միայն էթնիկ զտումներ են իրականացվել, այլև կազմակերպվել է պետական հեղաշրջման զինված փորձ, որ կարող էր տեղի ունենալ միայն մի դեպքում, եթե դրանում ներգրավված լինեին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, ՊԱԿ-ի և ՆԳՆ բարձրաստիճան պատասխանատուներ:
Այլ հանգամանքներում Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որքան էլ կազմակերպված չէր կարող գրավել խորհրդային զորքերի զորանոցները, հակաօդային պաշտպանության հրամանատարական կետը, Կասպից նավատորմիղի ռազմանավերը, ձեռք բերել ոչ միայն հրաձգային զենք, այլև հակատանկային պայքարի միջոցներ, ստեղծել կապի իր համակարգը:
Ֆորմալ առումով տասնյակ հազարավոր մարդիկ մի քանի օր հանրահավաքներ էին անցկացնում՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղում վերահաստատել սահմանադրական իշխանությունը: Ադրբեջանցի մի շարք ուսումնասիրողներ վկայում են, որ մինչ այդ Բաքու էր գործուղվել ԽՍՀՄ Գլխավոր դատախազության հատուկ քննչական խումբ, որ պետք է զբաղվել Հեյդար Ալիևի պաշտոնավարման շրջանի հանցագործությունների բացահայտմամբ:
Իրազեկ աղբյուրներն ասում են, որ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում Վեզիրովի նշանակումը պատահական չէր: ժամանակին նա Հեյդար Ալիևի կողմից հալածվել է, տեղափոխվել Մոսկվա: Միխայիլ Գորբաչովը նրա առջեւ դրել էր Ալիևի քաղաքական, տնտեսական և կոռուպցիոն-կլանային ժառանգությունից ազատվելու խնդիր:
Բաքվի «ժողովրդական ապստամբությունը» կազմակերպվել է, որպեսզի Հեյդար Ալիևը փրկվի քրեական պատասխանատվությունից: Տարիներ անց նա ռուսաստանցի հեռուստալրագրող Կարաուլովին տված հարցազրույցում խոստովանել է, որ հունվարի 19-ի ուշ երեկոյան իրեն զանգահարել է Գորբաչովը և պահանջել, որ Բաքվի կենտրոնից «հեռացնի իր մարդկանց»: Ալիևը պատասխանել է, որ դրա համար պետք է լիազորություններ ունենա: Խոսակցությունն այդպիսով ավարտվել է:
Փաստացի Հեյդար Ալիևն առաջարկել է, որ Գորբաչովն իրեն Բաքվում իշխանության վերադարձնի և ստացել մերժում: Մի քանի ժամ անց խորհրդային զորքերը մտել են քաղաք և, հանդիպելով զինված դիմադրության, անցել մարտական գործողությունների: Զոհվել են, իհարկե, նաև խաղաղ բնակիչներ: Հաջորդ օրը Հեյդար Ալիևը Մոսկվայում կազմակերպել է մամուլի ասուլիս և հայտարարել, որ եթե ինքը լիներ Ադրբեջանի ղեկավար, ապա նման ողբերգություն տեղի չէր ունենա:
Գալով իշխանության՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի պատասխանատուները հունվարյան իրադարձությունների փաստերով քրեական վարույթ են նախաձեռնել: Այդ գործով մեղադրյալ են ճանաչվել Խորհրդային Միության գրեթե բոլոր պաշտոնյաները:
Մեկ տարի անց, վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիևն անձամբ վերանայել է «սև հունվարի» գործով մեղադրյալների ցուցակը: Ադրբեջանցի անկախ ուսումնասիրողները վկայում են, որ նրա ուղղակի ցուցումով դատախազությունը մեղադրյալների ցանկից հեռացրել է Եվգենի Պրիմակովի, Վիկտոր Պոլյանիչկոյի և ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովի անունները:
Հունվարի 20-ը սև է Բաքվից բռնատեղանված ավելի քան երկու հարյուր հազար հայերի, տասնյակ հազարավոր ռուսների և հրեաների, այդ գիշեր կույր գնդակի զոհ դարձած մարդկանց հարազատների, բայց ոչ՝ Ալիևի համար: Հեյդար Ալիևի քաղաքական «ռենեսանս» չէր լինի, եթե խորհրդային բանակը չմտներ Բաքու, տեղի չունենար իշխանափոխություն:
Դա գիտեն բոլորը: Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Գեվարան ցավակցել է միայն զոհերի հարազատներին: Իսկ ավելի բացահայտ արտահայտվել է մարշալ Յազովը. «Ունեցել են քառասուն սպանված, փորել հարյուր գերեզման»:
Բաց մի թողեք
Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների օրը նշանակված է. ԿԸՀ-ն պարզաբանել է
Մարտուն Գրիգորյանը որոշել՝ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում