ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել:
Վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման երկրորդ շրջանը կարևոր աջակցություն կլինի աշխարհում խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդմանը, Ալիևը, այնուհետև, բարձր է գնահատել էներգետիկ ոլորտում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համագործակցությունը, որ ծառայում է ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ անվտանգությանը և հիմնվում է բարի ավանդույթների և ամուր հիմքերի վրա:
Ընդսմին՝ Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է Թրամփի կողմից իր երկրի էներգետիկ քաղաքականությանը «մշտական աջակցությունը»:
Թրամփի պաշտոնամուտը Եվրոպայում մի շարք վերապահումների տեղիք է տվել: Այդ առումով ուշագրավ փորձագիտական տեսակետներ են շրջանառվել, որ շոշափում են նաև էներգետիկայի ոլորտը: Նախագահի պաշտոնում Թրամփի առաջին որոշումներից մեկով Միացյալ Նահանգները հրաժարվել է կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրից: Ընդ որում՝ դա անսպասելի չէր: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն կմեծացնի նավթի և գազի արդյունահանման ծավալները:
Իշխող տեսակետ կա, որ նա Եվրամիության երկրներին կստիպի ավելի շատ ամերիկյան հեղուկ գազ գնել: Հակառակ դեպքում Վաշինգտոնը եվրոպական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի: Ամերիկյան մամուլում նույնիսկ վարկած է շրջանառվել, որ Թրամփը մտադիր է գնել «Հյուսիսային հոսք-2» գազատարը և վերականգնել ռուսական գազի Եվրոպա մատակարարումները, բայց արդեն ամերիկյան ապրանքանիշով:
Այս համատեքստում որքանո՞վ է տեղին Իլհամ Ալիևը այն ակնարկը, որ Ադրբեջանը նպաստում է ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ անվտանգությանը՝ նկատի ունենալով, անկասկած, եվրոպական մի քանի երկրների, որ մասամբ նաև ադրբեջանական գազի գնորդ են: Եթե ԱՄՆ նախագահը շահագրգռված է, որ Եվրամիությունը մեծացնի ամերիկյան էներգակիրների գնման ծավալները, ապա այդ առումով Ադրբեջանը նրա մրցակիցն է:
Թրամփի մասին իշխող տեսակետն այն է, որ նա ցանկացած հարց գնահատում է որպես գործարար, հաշվարկում, թե դրանից ինչ է շահում ԱՄՆ-ը և անձամբ ինքը: Եթե այդպես է, իսկ հակառակը գրեթե ոչ ոք չի պնդում, ուրեմն Եվրամիության երկրներին գազ մատակարարելու գնով նոր ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունները խորացնելու ալիևյան հաշվարկը քննություն չի բռնում:
Բացառված չէ, որ Ալիևի ուղերձը որոշակի իմաստով Թրամփի առջև «արդարանալու» իմաստ ունի: ԱՄՆ նախագահի պաշտոնամուտից երեք օր առաջ Մոսկվայում ստորագրվել է ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որ նախատեսում է Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան գազամուղի կառուցում:
Խոսքը խոշոր, տնտեսա-աշխարհաքաղաքական նշանակության նախագծի մասին է, որ չի կարող չշոշափել աշխարհում և Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների շահերը: ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը 2023թ. տարեվերջին բաց տեքստով մտահոգություն է հայտնել ռուս-իրանական համագործակցությանն Ադրբեջանի գործուն ներգրավվածության կապակցությամբ:
Գրեթե բոլոր փորձագետները համոզված են, որ Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն է վարելու: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին կոչ է արել Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարում համատեղել ջանքերը և հնարավորությունները:
Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը, հավանաբար, ռուս-իրանական դաշինքին աջակցության դիմաց ԱՄՆ-ին խոստանում է սեփական էներգետիկ քաղաքականությունը պահել ամերիկյան շահերի տիրույթում:
Ինչպե՞ս է դա գործնականացվելու՝ մնում է շատ անորոշ, քանի որ հստակ չէ, թե ԱՄՆ-Եվրամիություն «փոխհրաձգությունը» մինչև ո՞ր կետն է շարունակվելու կամ ի՞նչ պայմաններ է առաջադրելու Դոնալդ Թրամփը, և այդ հաշվեկշռում ադրբեջանական գազի քաղաքական գինը ո՞րն է կամ ո՞րը կարող է լինել տեսանելի ապագայում:
Բաց մի թողեք
Քոչարյանը թող արխիվից հանի ու հրապարակի փաստաթղթի այն կետը, որտեղ նշված է՝ Ղարաբաղը հանձնվում է ՀՀ-ին
Թուրքիան սպասում է իր հերթին, որպեսզի թե ԱՄՆ-ից, թե՝ Ռուսաստանից առավելագույնը պոկի Կովկասի համար
Ալիևը մի օր էլ հանկարծ կհայտարարի, որ Արցախի «երկաթյա բռունցքը» ոչ թե իրենն է եղել, այլ՝ Էրդողանինը