17/02/2025

Լավրով-Միրզոյան հանդիպումը մեկնարկայի՞ն է. Նոր ինկուբատորային ռեժիմ ՀՀ – ՌԴ միջև

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում դեմ առ դեմ, ապա և պատվիրակությունների կազմով բանակցություններ է վարել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Միրզոյանը և Լավրովը քննարկումների ավարտին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Փորձագետներից ոմանք համարում են, որ դա կարելի է համարել հայ-ռուսական երկխոսության կառուցողականության վկայություն:

Պատվիրակությունների կազմով Միրզոյան-Լավրով հանդիպման հրապարակային մասի խոսույթից, ըստ երևույթին, պետք է առանձնացնել Ռուսաստանի արտգործնախարարի պնդումը, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմք են եռակողմ «պայմանավորվածությունները», ինչին Արարատ Միրզոյանը հակադարձեց «խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման գերակայության ընդգծմամբ:

Հայ-ռուսական հարաբերություններն, իհարկե, չեն սահմանափակվում նշված, ինչպես ռուսներն են ասում՝ «պրոբլեմատիկայով», բայց որ այն գերակա է, և մյուս հարցերով գործնական կապերի հաջողությունը կախված է այդ խնդրի շուրջ տեսակետների մերձեցումից կամ հակադրվելուց, երևի, վեճի թեմա չէ:

Այդ հարցն անկյունաքարային է, քանի որ վերաբերում է ոչ միայն և ոչ այնքան մի՝ Հայաստանի տարածքով Բաքու-Նախիջևան հաղորդակցությանը, այլև հայ-ադրբեջանական կարգավորման հայեցակարգին և հատկապես՝ սահմանազատման իրավական հիմքերին:

Բանակցությունների ավարտին Սերգեյ Լավրովն արձանագրել է, որ հայ-ռուսական երկխոսության դադարը հաղթահարված է: Նա ընդունել է Հայաստան այցի հրավերը: Հայաստանյան փորձագիտական շրջանակներում այդ հեռանկարը դրական է գնահատվել:

Դա բնական է: Հայ-ռուսական քննարկումներում պաուզան կամ ստագնացիան իրոք վտանգավոր է: Բայց որքանո՞վ է Լավրովի գնահատկանը հիմնավոր և, մանավանդ, անկեղծ:

Նման դեպքերում ընդունված է բանակցությունների հաջողության կամ անհաջողության մասին դատել կողմերի քաղաքական շրջանակների, վերլուծաբանական հաստատությունների, փորձագիտական շրջանակների դրական կամ բացասական արձագանքներով:

Լավրով-Միրզոյան հանդիպումից անցել է մեկ աշխատանքային օր, իսկ Մոսկվան, բացի ԱԳՆ արարողակարգային հաղորդագրությունից, դեռևս որևէ գնահատական չի հնչեցրել: Լուռ է Կրեմլի մամուլի խոսնակը, լռում են պետդումայի պրոֆիլային հանձնաժողովներն ու պատգամավորները, մամուլում չի հանդիպում Հայաստան-Ռուսաստանի հարաբերություններին նվիրված որևէ հրապարակում: Համենայն դեպս, առաջատար լրատվամիջոցներում այդ թեմայի շուրջ տոտալ անտարբերություն է:

Ինչո՞վ է պայմանավորված ռուսաստանյան կողմի տեղեկատվական այդ «դեմարշը»: Արտաքին գործերի նախարարությունից համապատասխան նյութ չի տրամադրվե՞լ: Բայց եթե Լավրովը, իրոք, պատրաստվում է այցելել Երևան, ապա այն պետք է հիմնված լինի արդեն իսկ կայացած բանակցություններում գոնե ուրվագծված «ընդհանուր հայտարարի» վրա: Իսկ այդ փոխըմբռնումը տեղեկատվա-քարոզչական ապահովության կարիք միշտ և ամենուր ունենում է:

Ռուսաստանյան կողմն առայժմ որևէ ազդակներ չի հանրայնացրել, թե ի՞նչ պլատֆորմի վրա է տեսնում Հայաստան-Ռուսաստան իրական դաշնակցային-գործընկերային հարաբերությունների «վերբեռնումը»:

Լավրով-Միրզոյան հանդիպումը մեկնարկայի՞ն է, ահա, թերևս, գլխավոր հարցը, որի պատասխանը կարելի էր կանխատեսել Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների արձագանքներից:

Եվ եթե Մոսկվան գերադասում է լռել, ուրեմն կամ «տնային աշխատանքը» դեռևս ամփոփված չէ, կամ փորձ է արվում Հայաստանի հետ հարաբերությունները քննարկել այլ երկրի կամ երկրների հետ, որպեսզի «վերբեռնման» օգտակարությունը գնահատվի աշխարհաքաղաքական ընդհանուր խմորումների և հնարավոր հանգուցալուծումների լայն տիրույթում:

Երկխոսության դադարի հաղթահարումը, նույնիսկ եթե իրականում այդպես է, դեռևս չի նշանակում, թե շահերի համադրելիությունը տեսանելի կամ հասանելի է: