ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնամուտի առաջին օրը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է ԱՄՆ արտաքին ֆինանսական օգնության տրամադրումը՝ 90 օրով: Թրամփը մտադիր է այդ ընթացքում ուսումնասիրել, թե ինչի համար է հատկացվում այդ օգնությունն ու ինչ էֆեկտիվությամբ, ծառայո՞ւմ է ԱՄՆ շահերին, թե ոչ:
Բնականաբար, ԱՄՆ շահերին համապատասխանությունը Թրամփը դիտարկելու է ըստ իր պատկերացումների, այն պատկերացումների, որ դավանելու է իր թիմի հետ: Թրամփի այդ որոշումը թերևս անակնկալ չէ, եթե ուշադիր ենք եղել նրա առանցքային թիմակիցներից մեկի՝ Մասկի հայտարարությանը, որ արել էր շաբաթներ առաջ:
Մասկը, որը Թրամփի վարչակազմում կարող է ստանձնել բյուջետային փողերի ծախսի էֆեկտիվությունը չափող գործառույթ, շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պետք է էապես կրճատել արտաքին օժանդակությունները, քանի որ դրանք էֆեկտիվ չեն: Այժմ Թրամփն իր պաշտոնավարման հենց առաջին ժամերին կատարում է այդ ուղղությամբ գործնական քայլ:
Դրա շարունակությունն ինչպիսին կլինի, հարց է: Բայց հարց է, որը առնչվում է նաև Հայաստանին, քանի որ ԱՄՆ տարբեր ծրագրերով ֆինանսական օգնություն է տրամադրում նաև Հայաստանին՝ թե՛ պետական, թե՛ քաղաքացիական սեկտորներով:
Ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե 90 օրով դադարեցնելու վերաբերյալ Թրամփի հրամանագիրը որքանով է առնչվելու նաև Հայաստանին տրամադրվող ֆինանսներին և որքանով է Հայաստանին հատկացվող օժանդակությունը ռիսկի տակ ընդհանրապես: Թրամփը մտադիր է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել միայն այն դեպքում, երբ նպատակները բավարարում են իր քաղաքականությանը:
Հետևաբար, այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք Հայաստանի հետ կապված ծրագրերը լինելու են Թրամփի «քիմքին» համապատասխան: Եվ այստեղ, իհարկե, առաջինն ուշադրության կենտրոնում է հայտնվում ռազմավարական գործընկերության հանձնաժողովների աշխատանքը, որոնց կանոնադրությունը ստորագրվեց Թրամփի պաշտոնամուտից մեկ շաբաթ առաջ:
Անշուշտ, հազիվ թե դեմոկրատական թիմը այդ առնչությամբ որևէ կոմունիկացիայի մեջ չի եղել գալիք վարչակազմի հետ: Սակայն կոմունիկացիան ինքնին չի ենթադրում մոտեցումների նույնություն:
Հետևաբար, առավել ևս Թրամփի «գույքագրումը» վկայում է, որ հայ-ամերիկյան ստորագրված փաստաթուղթը ենթակա է լինելու նոր վարչակազմի և դրա առաջնորդի պատկերացումներին: Դա իր հերթին նշանակում է, որ փաստաթղթի հնարավորությունները պահպանելու համար Երևանն ունի գործադրելու նշանակալի ջանքի անհրաժեշտություն, Թրամփի վարչակազմի հետ հուսալի հաղորդակցության, և դրա միջոցով հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության հեռանկար պահպանելու համար:
Դա չի լինելու հեշտ խնդիր, սակայն լինելու է պաշտոնական Երևանի քաղաքական ու դիվանագիտական հմտությունների քննություն:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային