10/02/2025

ՔՊ-ին չի ազատում պատասխանատվությունից․ Հայհոյանքներով ու վիրավորանքով հաղորդակցվող կուսակցի թեկնածությունը, ով պարզվում է նաեւ կոռուպցիոն սկանդալների մեջ է ներքաշված

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից: Անձի բարեվարքության հետ կապված որոշ բաներ են պարզել և խնդրել հանել թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով հարցի քննարկման ժամանակ ներկայացրել էր Ալեքսանդր Սիրունյանի «փառավոր» անցյալից հետաքրքիր դրվագներ, թե վերջինս ինչպես է ատելության խոսք տարածում արցախցիների նկատմամբ և այլ ուշագրավ մանրամասներ, որոնք հարցականի տակ են դնում նրա որևէ պաշտոն զբաղեցնելու հեռանկարը, ասաց, որ ՔՊ-ական Սիրունյանի այդ «մեծահոգի» քայլը միեւնույն է հարցեր է թողնում. «Այս քայլը չի պարզաբանում այն, թե ինչպես էր ՔՊ-ն դատավորների բարեվարքությունը ստուգող, դատավորների անկախությունն ապահովող սահմնադրական անկախ մարմնի անդամի թափուր տեղի համար Աժ ներկայացրել սոցիալական ցանցերում բացառապես հայհոյանքներով ու վիրավորանքով հաղորդակցվող կուսակցի թեկնածությունը, ով պարզվում է նաեւ կոռուպցիոն սկանդալների մեջ է ներքաշված. առնվազն նման կասկածներ կան»:

Ընդդիմության քննադատության մասով էլ հավելեց, որ իրենք հանրությանը ցույց են տվել, թե ով է իշխող ուժի թեկնածուն, ինչպիսի արժեհամակարգ ունեցողին են տեսնում արդարադատություն իրականացնողի դերում։

«Ուրիշ բաներ են պարզվել՝ բարեվարքության թերթիկի հետ կապված բաներ»,- ասացին մեզ ՔՊ-ից։

Փաստորեն, ընդդիմության ու իրավապահ հանրույթի կողմից բարձրացված աղմուկից հետո միայն, ՔՊ-ն որոշեց փորփրել Սիրունյանի բարեվարքությունն ու ԲԴԽ անդամի պաշտոնի հետ անհամատեղելի բաներ հայտնաբերել դրանցում։

ՔՊ-ում ոչ բոլորն էին, իրականում, կողմ Սիրունյանի թեկնածությանը, չնայած որ նա մոլի ՔՊ-ական էր ու պաշտում էր Նիկոլ Փաշինյանին, ԲԴԽ-ում ևս, մեր տեղեկություններով, ոգևորված չէին Սիրունյանի մոտալուտ գալուստով և նրան առանձնապես չէին սպասում, և հիմա ուրախացել են, որ Սիրունյանը հրաժարվել է թեկնածությունից։