«Պետք չէ 2018 թվականի իրադարձությունները «հեղափոխություն» անվանել», – ինձ պարբերաբար հորդորում են իշխանության արմատական ընդդիմախոսները: Չեմ ուզում եզրույթների մասին վիճել, ավելի լավ է՝ խոսենք ըստ բովանդակության:
Ես շատ կուզեի, որ դա հեղափոխություն լիներ՝ որ փոխվեր համակարգը, քաղաքական, տնտեսական հարաբերությունները, որպեսզի մենք դառնայինք ավելի անվտանգ, ավելի ժողովրդավարական, ավելի բարգավաճ երկիր: Իրականում մենք ստացանք նույն կոռուպցիան, նույն օլիգարխներին, ոստիկանական նույն բռնությունները, նույն քաղաքական հետապնդումները:
Ավելին՝ տարբեր դասի մտավորականների, ուսուցիչների շողոքորթությունները դարձյալ նույնն են, պարզապես այդ քծնողական ճառերն արտասանվում են «Կրթվելը նորաձեւ է» կամպանիայի շրջանակներում:
Դուք կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ է ամեն ինչ վատացել: Պատասխանը պարզ է՝ որովհետեւ այդ ամենին ավելացել է աղետալի դիլետանտիզմը. կոմպետենցիայի այն մակարդակը, որով հնարավոր է լուծել «ակտիվիստական հ/կ-ի» կամ լրատվամիջոցի հարցերը, խիստ անբավարար է համապետական խնդիրների համար:
Արցախյան աղետի մասին, որի արմատը նաեւ ներկայիս իշխանության ինքնահավան տգիտության մեջ է, հիմա չենք խոսում: Դառնանք մնացած ոլորտներին:
Տրանսպորտի եռակի թանկացումը. առաջ մենք ճխլվում էինք «հուսահատության գազելներում» 100 դրամով, հիմա՝ մեծ ավտոբուսներում 300 դրամով: Ընդ որում, Երեւանից դուրս ապրող թոշակառուները ոչ մի արտոնություն չեն ունենա:
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում, որի հարցերը լրացնելու համար ամեն մի աշխատող քաղաքացի, ցանկալի է, վարձի մեկ իրավաբանի եւ մեկ հաշվապահի: Ինքնին եկամուտները հայտարարագրելու գաղափարը, կարծում եմ, ճիշտ է, բայց իրականացումը վստահված է ծայրահեղ անիրազեկ մարդկանց։
Անհատ ձեռներեցների եւ միկրոբիզնեսմենների վրա հարկային ճնշման ավելացում: Ես, ճիշտն ասած, ակնկալում էի, որ հեղափոխությունը կբերի տնտեսության ազատականացմանը, բայց հիմա տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթաց:
Եվ ամենակարեւորը. իշխանությունը զբաղված է ոչ թե քաղաքական, տնտեսական կամ մշակութային ծրագրեր իրականացնելով, այլ այս կամ այն առիթով (հիմնականում՝ չնչին առիթներով) տեղեկատվական աղմուկ բարձրացնելով: Առայժմ դա ստացվում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Ուշագրավ վերլուծություն՝ Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք. Ալեն Սիմոնյան
Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ. Եղոյան