Իշխանական քարոզչությունը պնդում է, թե «Արցախ» պետք չի ասել, պետք է ասել «Ղարաբաղ», որպեսզի Ադրբեջանը պատրվակ չունենա Հայաստանի վրա հարձակվելու:
Ի դեպ, դրանից կարելի է եզրակացնել, որ երբ 2020 թվականի օգոստոսին BBC-ին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասում էր, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի հայկական անունն է, եւ հայերն այնտեղ ապրել են 5000 տարի, նա Ադրբեջանին հարձակվելու պատրվակ էր տալիս: Բայց, եթե խոսքը պատրվակների մասին է, ապա պետք է ավելի զգուշավոր լինել, եւ, օրինակ, Ստեփանակերտի փոխարեն ասել «Խանքենդի»:
Իսկ գուցե Սեւանի փոխարեն՝ «Գյոկչա»՝ ադրբեջանցիների զգացմունքները չվիրավորելու համար: Հիմա Ալիեւը կազմակերպել է Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների դատը՝ մի քանի նպատակով: Կարեւորներից մեկն է՝ ապացուցել, որ ղարաբաղյան շարժումը, Արցախի ազատագրումը, այդ տարածքում պետություն ստեղծելը եւ ինքնապաշտպանությունը ծանրագույն հանցագործություններ են:
Հայաստանի ղեկավարությունը նույնպե՞ս այդպես է կարծում: Համենայնդեպս, նիկոլական զանգվածի սոցցանցային մեկնաբանություններից կարելի է այդ հետեւությունն անել: Բայց գուցե դա նույնպես նուրբ քաղաքական հաշվա՞րկ է, եւ այդ դատավարության անարդար լինելու մասին որեւէ խոսք ասելը կարող է վնասել «խաղաղությունը կառուցելուն» եւ «խաղաղության խաչմերուկ» դարակազմիկ ծրագրին:
Թերեւս այդ ծրագրերին օգնի նաեւ, եթե մենք համաձայնենք, որ 1915 թվականին ոչ մի ցեղասպանություն չի եղել, իսկ եթե անգամ եղել է, ապա դրանում մեղավոր են հայերը, որոնք ռուսների դրդմամբ դավաճանել էին Օսմանյան կայսրությանը:
Արդյոք «ցեղասպանություն» բառը չի՞ սադրում թուրքերին եւ պատերազմի նոր պատրվակ չի՞ ստեղծում: «Խաղաղություն կառուցելու» համար չէր խանգարի նաեւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունն արհեստածին կազմավորում է, որն առաջացել է «Արեւմտյան Ադրբեջանում»:
Սակայն այդ ամենը չի օգնի: Ալիեւին եւ Էրդողանին որեւէ պատրվակ պետք չէ՝ Հայաստանի վրա հարձակվելու համար, քանի որ դա նրանց ռազմավարական նպատակն է: Եվ դա տեղի կունենա անկախ նրանից, թե որքան է Հայաստանի իշխանությունը նվաստանում եւ ուրանում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Ինչ է ասում, ասել Ռոբերտ Քոչարյանը, ինչու են անհանգստացել ՔՊ սին ստատուսագիրները
Իրանցիները կրկին շատ չեն խոսում, այլ գործում են, հայերս, ցավալիորեն, միայն խոսում ենք
Վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է. Մարության