10/02/2025

Սերբիան լքում է ՌԴ-ին․ Բելգրադ-Բաքու հարաբերություններում ի՞նչ դեր ունի Մոսկվան

Հունվարի 28-ին Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել: Այդ մասին նա անձամբ հայտարարել է մամուլի ասուլիսում՝ ասելով, որ երկարատև հանդիպում է ունեցել նախագահ Վուչիչի հետ, ներկայացրել իր փաստարկները: «Կարծում եմ, որ մենք այդպիսով պատասխանատվություն ենք վերցրել»,- իր որոշումը հիմնավորել է Վուչևիչը:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Սերբիայի սահմանադրության համաձայն վարչապետի հրաժարականի դեպքում արձակվում է ամբողջ կառավարությունը: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ նախագահ Վուչիչը պատրաստվում է կառավարության կազմում էական փոփոխություններ կատարել:

Սերբիայում բողոքի զանգվածային ցույցեր սկսվել են անցյալ աշնանը: Ֆորմալ առիթը Նովի սադ քաղաքի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումն էր, որ տասնչորս մարդու մահվան պատճառ էր դարձել:

Այդ առթիվ Սերբիայի նախագահ Վուչիչը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսել է երկրում արևմտյան հատուկ ծառայությունների կողմից «գունավոր հեղափոխություն ծրագրելու» մասին: Նա, սակայն, ասել է, որ իշխանությունը գերադասում է խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով և ցուցարների նկատմամբ ուժային միջոցներ չի կիրառի:

Վարչապետ Վուչևիչն իր հրաժարականը հիմնավորել է «հանրային դիմակայությունը հաղթահարելու» ահնրաժեշտությամ: Այս ձևակերպումն արդեն ոչ այնքան ներքին, որքան արտաքին քաղաքական ենթատեքստ ունի:

Սերբիան եվրոպական սակաթիվ երկրներից է, որ Ռուսաստանի հետ քաղաքական և առևտրա-տնտեսական կապերը չի խզել: Այդուհանդերձ, անցյալ նոյեմբերին նախագահ Վուչիչը չմասնակցեց Կազանում գումարված ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, սերբական պատվիրակությունը գլխավորել է վարչապետ Վուչևիչը:

Ներկայացնելով հրաժարականի դիմում՝ նա, ըստ էության նախագահ Վուչիչին հնարավորություն է ընձեռում կազմավորել նոր կառավարություն: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ Սերբիայի նախագահը վարչապետի և կառավարության կազմի ամբողջական փոփոխության միջոցով փորձում է կանխել «գունավոր հեղափոխությունը»:

Հետևում է, որ նման որոշում կայացվել է իրավիճակի լրջագույն գնահատման և հնարավոր զարգացումների կանխատեսման հիման վրա: Սերբիան վերջին մի քանի տարիներին ներգրավված է Եվրամիության հետ ծանր բանակցություններում:

Եթե հակիրճ ձևակերպենք, ապա կստացվի, որ Եվրամիության անդամակցության դիմաց Բելգրադին առաջարկվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Նախագահ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան երբեք այդ քայլին չի գնա:

Վարչապետ Վուչևիչի հրաժարականը, նոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, սակայն, հուշում է, որ սերբական հանրության որոշակի շրջանակներ կողմ են եվրոպական ընտրությանը:

Regnum-ի քաղաքական մեկնաբանը գնահատում է, որ Սերբիայի հակակառավարական ցույցերն ընդգծված կազմակերպիչ չունեն, առայժմ աշխարհաքաղաքական ընտրության հարց չի դրվում:

Սերբիայի «կառավարական ճգնաժամը» հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն առումով, որ Բելգրադը սերտ համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, այդ թվում և ռազմական ոլորտում: Նոր կառավարությունը կշարունակի՞ այդ ուղեգիծը: Բելգրադ-Բաքու հարաբերություններում ի՞նչ դեր ունի Մոսկվան: