Միացյալ Նահանգները կայացած, ժողովրդավարական պետություն է: Դա նշանակում է, մասնավորապես, քաղաքականության ժառանգականություն (անկախ նրանից, թե ինչ է խոսվում նախընտրական թոհուբոհի մեջ), ինչպես նաեւ երկարաժամկետ ռազմավարական պլանավորում:
Չի կարող պատահել, որ Բայդենի ժամանակ ամենազգայուն հարցերից մեկի վերաբերյալ գլխավոր կարգախոսը լիներ՝ «Հիշում եմ եւ պահանջում», իսկ Թրամփի օրոք այն դառնա՝ «Մոռացել եմ եւ պահանջում եմ, որ բոլորը մոռանան»:
Հնարավոր չէ, որ որեւէ երկրի հետ հարաբերությունները Թրամփը սկսի «իր սեփական կետից», եթե նույնիսկ որպես հռետորական հնարք նման բան ասի: Բացառված է նաեւ, որ Բլինքենի ստորագրած հայ-ամերիկյան վերջին փաստաթուղթը Ռուբին պատռի ու շպրտի աղբամանը:
Այդ ամենը հնարավոր չէ, որովհետեւ Միացյալ Նահանգների քաղաքականությունը չի կառուցվում նրա վրա, թե ինչ է փչել առաջին դեմքի խելքին կամ ինչ է նա բստրել, երբ ժամանակին համապատասխան դեղը չի ընդունել:
ԱՄՆ նախագահի լիազորությունների շրջանակն, իհարկե, մեծ է, բայց դրանք սահմանափակվում են դատարանների եւ Կոնգրեսի կողմից: Բացի դա, այդ որոշումները մշակվում են գերատեսչություններում (օրինակ, նույն Պետքարտուղարությունում), որտեղ բյուրոկրատիան չի փոխվում՝ կախված նրանից, թե ով է նախագահը:
Իսկ գերատեսչությունների մասնագետները խորհրդակցում են ուղեղային կենտրոնների հետ, որոնք, ի տարբերություն մեր հարյուրավոր «քաղաքագետների», ամբողջությամբ մխրճված չեն քարոզչական գործունեության մեջ:
Այդ ամենից ելնելով’ թույլ տվեք լավատեսական կանխատեսում անել, որ ԱՄՆ օգնությունը Հայաստանին երեք ամսից (կամ գուցե ավելի շուտ, եթե հաշվի առնենք ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը) կշարունակվի:
Օգնությունը կվերականգնվի, բայց, կարծում եմ, ոչ ամբողջությամբ: ԱՄՆ կառավարությունն այստեղ մեծածավալ ծրագրեր է իրականացնում փոքր բիզնեսի, էներգետիկայի, առողջապահության, կրթության, հումանիտար ոլորտներում:
Միջոցների գերակշիռ մասն ուղղվում է նման ծրագրերին: Իսկ ահա անիմաստ զեկույցները, «ջուր ծեծող» սեմինարները եւ անօգուտ խորհրդատվությունները կարող են եւ չֆինանսավորվել: Եվ դա վատ չի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am

Բաց մի թողեք
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար
Շարունակել պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար, ես շարունակելու եմ