«ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության օբյեկտն ու տրամաբանորեն պետք է լուծարվի»,- հայտարարել է նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նույն օրը այդ թեմային է անդրադարձել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով այն դիրքորոշումը, որ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ գործընթացում արձանագրի մի վիճակ, երբ հստակ սահմանվի կոնֆլիկտի բացակայությունն ու կոնֆլիկտի այսպես ասած վերսկսման հեռանկարի բացակայությունը, ապա Հայաստանը, բնականաբար, Մինսկի խումբը կհամարի լուծարելի:
Այստեղ, իհարկե, առաջանում է այն սուբյեկտիվ հանգամանքը, թե որո՞նք են Հայաստանի համար լինելու այն հավաստիացումները, որ թույլ կտան համարել, որ կոնֆլիկտ չկա և տեսանելի հեռանկարում չի լինի: Դա խաղաղության պայմանագի՞րն է միայն, թե՞ հնարավոր են դեպքեր, որոնք կարող են լինել առանց պայմանագրի ստորագրման էլ, և հնարավոր են դեպքեր, երբ անգամ պայմանագրի ստորագրումը չի լինի բավարար ասելու, որ կոնֆլիկտ չկա: Երևանի համար սա գուցե մանևր է, մի կողմից Ադրբեջանին չհակադրվելու, մյուս կողմից նաև լուծարման համատեղ դիմումի գործնական քայլից խուսափելու:
Սակայն այստեղ կա էական մեկ այլ հանգամանք: Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան նույնպե՞ս մտածում են, որ «կորցրել» են գործունեության օբյեկտը, հետևաբար նաև գործունեության իմաստը, ուրեմն տրամաբանորեն ենթակա են լուծարման:
Վաշինգտոնն ու Փարիզը համաձա՞յն են Մոսկվայից հնչող կարծիքին: Եթե այո, ապա այդ դեպքում բոլոր երեքն էլ պետք է պատասխանեն, թե ինչի՞ հետևանքով է «կորել» իրենց գործունեության օբյեկտը:
Պատասխանեն շատ հստակ, հարկ եղած դեպքում՝ փաստերով ու փաստաթղթերով հիմնավորելով իրենց պատասխանները: Որովհետև հայ հանրությունը, օրինակ, կարող է շատ հստակ հիմնավորել, որ գործունեության օբյեկտը, այսինքն՝ Արցախը, կորել է գործունեության «սուբյեկտների»՝ համանախագահ երկրների անգործության պայմաններում, երբ նրանք թույլ են տվել Ադրբեջանին սկսել ագրեսիա, իրականացնել ու ավարտել այն:
Ավելին, համանախագահ երկրները հաստատել են, որ Արցախի էթնիկ զտման միտված եզրափակիչ ագրեսիայից ՝ սեպտեմբերի 19-ից երկու օր առաջ նրանց ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում:
Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի ագրեսիայից երկու օր առաջ, եթե կասկածից վեր է, որ այդ երկրներն առնվազն իրենց հետախուզական կարողություններով անպայմանորեն քաջատեղյակ էին Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերի մասին: Անշուշտ, հայ հանրությունը իր հարցերն ու գնահատականներն ունի անմիջականորեն իր անվտանգության, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար անմիջական պատասխանատուներին, որոնց մի մասն այսօր պատանդառված է Բաքվում:
Հարցերը, որ ուղղված են կամ կարող են ուղղվել համանախագահներին, բոլորովին չեն կարող լինել եւ չպետք է լինեն Հայաստանի կառավարող մեծամասնության պատասխանատվությունը ծածկելու միջոց:
Այն մեծամասնության, որը 2021 թվականի իր նախընտրական ծրագրում, կառավարության ծրագրում արձանագրել է Արցախի ճակատագրին առնչվող բացարձակապես այլ նշաձողեր: Բայց կառավարող մեծամասնությանն ու նրա առաջնորդին հայ հանրությունն իր հարցերը տալիս է և դեռ կտա անշուշտ, բայց պետք է հնչեն նաև հարցեր համանախագահ երկրներին, որոնք իրենք են կամովին ստանձնել հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ և անփառունակ կերպով տապալել այդ մանդատը:
Եվ մեղմ ասած ծիծաղելի կհնչի, եթե միջուկային երեք գերտերությունները այդ մանդատի տապալման համար փնտրեն որևէ այլ մեղավորի կամ պատասխանատուի:
Բաց մի թողեք
«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հոր «Toyota»-ն «պլաշչադկա» է տեղափոխվել խմածության համար
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ