Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կրկին խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման մասին։ Նրա կարծիքով՝ Երևանը և Բաքուն պետք է մշակեն այնպիսի պայմանագիր, որ գալիք սերունդների համար ական չտեղադրվի, այլ ապահովի հարաբերությունների երկարաժամկետ և ամուր կարգավորում։
Գալուզինը Հայաստանի հորդորել է շարունակել տարածաշրջանի հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքները։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը, որ պատասխանատու է արտաքին քաղաքականության կովկասյան ուղղության համար, վերաշարադրել է այն թեզը, որ արևմտյան երկրները Ռուսաստանի համար կարևոր տարածաշրջանում (Հարավային Կովկասում) կայունությամբ շահագրգռված չեն, այլ փորձում են այն օգտագործել Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար, իսկ որոշ դեպքերում փորձեր են ձեռնարկում՝ համոզելու առանձին երկրների, որ նրա (Ռուսաստանի) դեմ երկրորդ ճակատ բացեն»։
Հարավային Կովկասի միակ երկիրը, որի սահմանադրության պրեամբուլայի իմաստով Ռուսաստանը ճանաչված է օկուպանտ, այսինքն՝ թշնամի երկիր, Ադրբեջանն է։ Հստակ ձևակերպում, որ բոլշևիկյան Ռուսաստանը 1920թ․ ապրիլի 28-ին օկուպացրել է միջազգայնորեն անկախ ճանաչված Ադրբեջանի տարածքը, տապալել նրա օրինական իշխանությունը՝ առկա է «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ․ հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտում, որ այդ երկրի գործող սահմանադրության բազիսն է։
Ընդ որում՝ նույն ակտով ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի շուրջ յոթանասունամյա գոյությունը ճանաչված է «գաղութացում», որ դրսևորվել է ինչպես «ադրբեջանական ժողովրդի ազգային իղձերի բռնաճշումներով, այնպես էլ նրա բնական պաշարների անխնա շահագործմամբ և նյութական ու ֆինանսական արժեքների յուրացմամբ»։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գալուզինը գոնե ի պաշտոնե պետք է տեղյակ լինի իրավական ուժ ունեցող այս բնորոշումներին, իսկ իբրև դիվանագետ և միջազգային իրավունքին տեղյակ՝ հասկանա, որ եթե մի երկիր իր սահմանադրությամբ մյուսին ճանաչում է «օկուպանտ և գաղութարար», ապա չի կարող լինել նրա ռազմավարական դաշնակիցը։ Օկուպացիայի ենթարկվածը ձգտում է հաղթահարել հետևանքները, գաղութացվածն՝ ազատագրվել գաղութային լծից։
Ո՞վ է ռուս-ադրբեջանական ռազմավարական-գործընկերային հարաբերությունների ճարտարապետը։ Հետխորհրդային Ռուսաստանը, իհարկե, Ադրբեջանի հանդեպ թշնամանք չի տածել, բայց վերբեռնումն սկսվել է Վլադիմիր Պուտինի առաջին այցով՝ 2001թ․ հունվարի 6-ին, երբ կողմերն ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»։
Այդ հիմքով եւս մեկ փատաթուղթ ստորագրվել է Դմիտրի Մեդվեդևի նախագահության շրջանում, իսկ «թագնուպսակը»՝ ռուս-ուկրաինական պատերազմից ընդամենը երկու օր առաջ։
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն ասում է, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ ընտրել արտաքին քաղաքական վեկտոր։ Ռուսաստանի նախագահի սուվերեն իրավունքն էր՝ չկարդալ Ադրբեջանի սահմանադրությունը, չիմանալ, որ այդ երկրի հիմնական օրենքի սահմանմամբ ինքը հանդիսանում է օկուպանտ, գաղութարար, հաշվի չառնել, որ իրավա-քաղաքական այդ հիմքով ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցություն հնարավոր չէ, հաշվի չառնել, որ Ադրբեջանի քաղաքակրթական ընտրությունը թուրքական է և այլն։
Արտաքին քաղաքական հաշվարկներում կոպիտ սխալվելը նույնպես Ռուսաստանի նախագահի սուվերեն իրավունքն է, ոչ ոք չէր կարող նրան տարհամոզել։ Բայց եթե Ռուսաստանի արտաքին քաղաքականության կովկասյան ուղղություն մշակողները «երկու էշի գարին զատելու» հմտություն չեն ունեցել կամ Ալիևի կողմից անգաժավորվել և իրենց երկրի դեմ են աշխատել, ապա դրանում Հարավային Կովկասի մյուս երկրները և անգամ ադրբեջանական ժողովուրդը, որ ռուսներին «գյաուր» է ասել և ասում է, ոչ մի մեղք չունեն։
Հարավային Կովկասի միակ հրձիգ-պատերազմահեն իշխանությունը Բաքվում է։ Ռուսաստանը միայն նրա հետ ունի ռազմավարական նշանակության խնդիր։ Մոսկվա-Բաքու ի՞նչ «մոդուս» է ձևավորվելու կամ պետք է ձևավորվի՝ երկու երկրների խնդիրն է։
Մյուսների և հատկապես Հայաստանի շահերի հաշվին Իլհամ Ալիևի հավակնությունները բավարարելու միջոցով նրա լոյալությունը շահելու «իմաստուն քաղաքականությունը» Մոսկվայի համար բումերանգի՞ է վերածվել։ Բայց այն Ալիևին վերադարձնելու համար Հայաստանն ինչո՞ւ պիտի դերակատար լինի։
Բաց մի թողեք
Ոչ թե «քառասուն քանի», այլ՝ 209. ՀՅԴ-ական պատգամավորը ԵՄ դիտորդների կեղծ թիվ է նշել և «սիգնալ» ուղարկել Ալիևին
Պուտինը ցանկանում է ձգձգել բանակցությունները․ New York Times
Ահա այն, ինչի դեմ պայքարում են Պուտինն ու Ալիևը