Ռուս-ադրբեջանական լարվածությունը, կարծես, հասել է մի կետի, երբ ռուսաստանյան պաշտոնական մամուլին հանձնարարվել է հակազդել Բաքվի տեղեկատվաքարոզչական ագրեսիային: Առաջին «ծիծեռնակի» դեր վերապահվել է Regnum-ին, որի գլխավոր խմբագիրը, պարզվում է, Մարինա Ահմեդովան է:
Անդրադառնալով Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի դիտարկումներին և Ռուսաստանի հասցեին մեղադրանքներին, ռուսաստանյան լրատվամիջոցը, որ ունի ԱԳՆ-ի և հատուկ ծառայությունների «հուսալի գործընկերոջ» համարում, Ադրբեջանի նախագահին անվանել է «բռի» և պահանջել, որ նա հրապարակային ներողություն խնդրի Վլադիմիր Պուտինից:
Ալիևը, ինչպես հայտնի է, օդանավի կործանման մասին ռուսական կողմի տարածած տեղեկատվությունն անվանել է «զառանցանք», իշխանությունների վերաբերմունքն՝ «անմարդկային»:
Ալիևն ինքը սպասում է, որ Ռուսաստանի նախագահը ոչ միայն հրապարակային ներողություն խնդրի, այլև ընդունի պատասխանատվությունը, մեղավորներին պատասխանատվության ենթարկի և վճարի փոխահատուցում ոչ միայն զոհվածների ընտանիքներին և տուժածներին, այլեւ Ադրբեջանի կառավարությանը, որի սեփականությունն էր կործանված օդանավը:
Այդ հարցերը, իհարկե, ածանցյալ են, ունեն երկրորդական նշանակություն: Գլխավորն այն է, թե հարաբերությունների լարվածությունից ով ինչ է շահում կամ կորցնում: Այս առումով Regnum-ը սահմանում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին պետք է, որպեսզի հաղթահարի Թուրքիայից կախվածությունը, կարգավորի Իրանի հետ բարդ հարաբերությունները, հասնի Հայաստանից Զանգեզուրի միջանցքի մասին որոշման:
Ռուսաստանյան լրատվամիջոցը, ըստ էության, հաստատում է հայաստանյան փորձագիտության հանրության ճնշող մեծամասնության տեսակետը, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների որոշակի լարվածությունը Մոսկվան փորձելու է կարգավորել նաև Հայաստանի հաշվին:
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Regnum-ի ակնարկը ժամանակային առումով համընկնում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինի «հորդորին», որ Հայաստանը պետք է շարունակի հաղորդուղիների ապաշրջափակման հարցով աշխատանքները:
Նույն օրը Երևանում ՌԴ դեսպան Կոպիրկինը խորհուրդ է տալիս հաշվի առնել, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ին «այլընտրանք չկա»: Այդ հայտարարությունները հնչում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա, պաշտպանության նախարար Պապիկյանի Հնդկաստան այցելությունների ֆոնին՝ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին ընդառաջ:
Ռուսաստանյան լրատվամիջոցը, ըստ էության, բացահայտում է, որ տարածաշրջանի հաղորդուղիների բացման հարցում Ադրբեջանին օգտակար կարող է լինել միայն Մոսկվան, իսկ փոխարտգործնախարար Գալուզինը Երևանին «խորհուրդ է տալիս» աշխատել այդ ուղղությամբ:
Կարելի՞ է հասկանալ այնպես, որ Սյունիքում Նախիջևանի հետ հաղորդուղի ստանալու դիմաց Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևից այնպիսի գին է պահանջել, որ նա չի ուզում կամ չի կարող վճարել: Ռուսաստանցի փորձագետները շատ թափանցիկ հասկացնում են, որ Ուկրաինայում հաղթանակը չի երաշխավորում Ռուսաստանի լիարժեք սուվերենությունը, եթե վերջնարդյունքում հետխորհրդային տարածքը չի ինտեգրվում մեկ-միասնական ռազմաաշխարհաքաղաքական, տնտեսական և կոմունիկացիոն համակարգում:
Անցյալ դարասկզբին բոլշևիկյան Ռուսաստանն Անդրկովկասի վերանվաճումն սկսել է Ադրբեջանից: «Թուրանի» մեկնաբանը բացարձակ անհեռանկարային է համարել Ադրբեջանի հյուսիսում լեզգիական անջատողականություն հրահրելու տարբերակը:
Դա ավելի խորքային ակնարկ է, քան թվում է առաջին հայացքից: Բոլշևիկները Բաքու են մտել Մուստաֆա Քեմալի համաձայնությամբ: Այսօր Էրդողանը կհանձնի՞ Ադրբեջանը: Ինչի՞ դիմաց: Տարբերակ գրեթե չկա:
Բաց մի թողեք
Ոչ թե «քառասուն քանի», այլ՝ 209. ՀՅԴ-ական պատգամավորը ԵՄ դիտորդների կեղծ թիվ է նշել և «սիգնալ» ուղարկել Ալիևին
Պուտինը ցանկանում է ձգձգել բանակցությունները․ New York Times
Ահա այն, ինչի դեմ պայքարում են Պուտինն ու Ալիևը