20/03/2025

«Ղրիմի պլատֆորմի» մասնակիցներին Էրդողանի տեսաուղերձի ենթատեքստը ․․․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել «Ղրիմյան պլատֆորմի» հերթական համաժողովի մասնակիցներին, որտեղ ևս մեկ անգամ «վճռական աջակցություն» է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը։

Նա կարևորել է, որ վերջին շրջանում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ ավելի շատ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։

Էրդողանը ձևակերպել է, որ խնդրի կարգավորումը ենթադրում է մի հավասարում, որտեղ պատերազմի երկու կողմերը ներկայացված կլինեն հավասար և արդարացի սկզբունքով: Նա հույս է հայտնել, որ եկող տարին կնշանավորվի խաղաղության հաստատմամբ, ոչ թե պատերազմի վերսկսմամբ։

Թուրքիայի նախագահը վերստին հիշեցրել է պատերազմող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու իր նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ևս ջանքեր չխնայել, որպեսզի հարցն ստանա դիվանագիտական կարգավորում:

Էրդողանի այս հայտարարությունը հաջորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի Անկարա այցին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա թուրք պաշտոտնակցի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ, որ վերաբերում են միջազգային քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հարաբերություններին։

Մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, ապա մասնակցել «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը, որտեղ, ի դեպ, շփում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ։

Լավրովն Անկարա է մեկնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո։ Ըստ Կրեմլի տարածած տեղեկության, Վլադիմիր Պուտինը նրան «խնդրել է» ԱԽ անդամներին պատմել ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների մասին։ «Ես զեկույց ստացել եմ, բայց նպատակահարմար է, որ Անվտանգության խորհրդի անդամներն էլ տեղյակ լինել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Կարելի է ենթադրել, որ Լավրովի Անկարա այցի նպատակահարմարությունը պայմանավորված է ՌԴ ԱԽ նիստի տոնայնությամբ։ Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, որպես դեմարշ են գնահատել, որ Ռուսաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման օրով Էրդողանն Անկարայում ընդունել է Վլադիմիր Զելենսկուն։

Լավրովը, ըստ երևույթին, փորձել է հասկանալ, թե Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման մասին Էրդողանի հայտարարությունները որոքանո՞վ են քարոզչություն, որքանո՞վ կարող են գործնական դրսեւորումներ ունենալ։ «Ղրիմյան պլատֆորմի» մասնակիցներին Էրդողանի տեսաուղերձն, իհարկե, այդ հարցում որևէ պարզություն չի մտցնում։

Եվ միամտություն կլիներ ակնկալել, որ Թուրքիան հանուն Ուկրաինայի առճակատման է գնալու Վաշինգտոնի կամ Մոսկվայի, կամ ուժային որևէ այլ կենտրոնի հետ։ Տեսաուղերձում Էրդողանը հատուկ շեշտել է, որ Թուրքիան մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Ղրիմի թաթարների հարցը։

Ըստ երևույթին՝ Ուկրաինային Թուրքիայի աջակցությունը պայմանավորված է Ղրիմի նկատմամբ թուրքական ազդեցության հարցով։ Էրդողանը համոզված է, որ եթե Ղրիմը վերադառնա Ուկրաինայի իրավազորությանը, ապա կհաջողվի իրականացնել թաթարների ներգացթ, իսկ դա թուրքական «փափուկ ուժի» կիրառման հնարավորություն է, ինչը ռուսաստանյան տիրապետության պայմաններում նվազ հավանական է կամ չի լինի այնքան արդյունավետ, որքան ցանկալի է Թուրքիայի համար։

«Ղրիմի պլատֆորմի» մասնակիցներին Էրդողանի տեսաուղերձի ենթատեքստից հետևում է, որ Ֆիդան-Լավրով բանակցությունները բարդ են ընթացել։ Ղրիմը, «Նովոռուսիայի» զգալի տարածքներ Ռուսաստանը 18-րդ դարավերջին գրավել է Օսմանյան կայսրությունից։

Այսօրվա Թուրքիան օսմանյան ժառանգորդության խնդիր է առաջադրել։ Այս իմաստով ուկրաինական կարգավորման Էրդողանի ՛հավասարման գործակիցներից» մեկն արդյո՞ք Թուրքիայի ներկայությունը չի նկատի առնվում։ Պուտինը կընդունի՞ այդ «սիներգիան»։