Մարտի 5-ից 29-ը կանցկացվի Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը։
Այն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի առաքելությունն է հայ երաժշտասերներին հաղորդակից դարձնել համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությանը, ծանոթացնել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող մերօրյա կոմպոզիտորների հետ, ինչպես նաև վառ պահել Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:
Համաշխարհային ժամանակակից երաժշտությունը ներկայացնող փառատոնը ներառում է 3 սիմֆոնիկ համերգ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։
Փառատոնի բացման համերգը կկայանա մարտի 5-ին. կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու, Ավետ Տերտերյանի և նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Էրիկ Ուիթաքրի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կկատարվի Էրիկ Ուիթաքրի Պրելյուդ նվագախմբի համար ստեղծագործությունը։
Մարտի 15-ի համերգին տեղի կունենա կոմպոզիտոր Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ անվանի սաքսոֆոնահար Քեննեթ Ցեի կատարմամբ։ Կներկայացվեն նաև Ֆրանսիս Պուլենկի, Քշիշտոֆ Պենդերեցկու երկերից։
Մարտի 29-ին՝ փառատոնի փակման համերգին, ժամանակակից դասական երաժշտության սիրահարները ներկա կլինեն Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերային։ Ստեղծագործությունը հեղինակել է Մայքլ Դաննան։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և ալտահար Սառա ՄըքԷլրավիի կատարմամբ կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը։ Փակման համերգի ծրագրում ներառված է նաև Պենդերեցկու երկերից։
Փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Բարբարա Դրագանը։
Բաց մի թողեք
Ինչ երաժշտություն է լսում Մեծ Բրիտանիայի Չարլզ երրորդ թագավորը
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը․ Լուսանկարներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Արա Դեղտրիկյանի հրաժեշտի արարողությունները