Կահիրեում գումարվել է Արաբական լիգայի երկրների արտահերթ գագաթաժողովը, որը միաձայն ընդունել է Գազայի վերաբերյալ Եգիպտոսի ներկայացրած բանաձևը:
Փաստաթուղթն անընդունելի է ճանաչել Գազայի բնակչության տեղահանության և տարածքի նկատմամբ ամերիկյան հսկողություն հաստատելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, որ նա հրապարակայնացրել էր Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ բանակցություններից հետո:
Արաբական լիգայի երկրները վերահաստատել են Պաղեստինի անկախ պետության ստեղծմանն իրենց աջակցությունը և համարել, որ իսրայելա-պաղեստինյան կարգավորման այլ տարբերակ գործնականում չի կարող լինել: Տարածված տեղեկատվության համաձայն՝ Գազայի վերականգնման կարիքները գնահատվել են 53 միլիարդ դոլար: Նախատեսվում է գումարել խորհրդաժողով, որ կսահմանի անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման կարգը: Արաբական աշխարհը համաձայնության է եկել, որ թափանցիկությունն ապահովելու համար բոլոր ծախսերը կարվեն Համաշխարհային բանկի միջոցով:
Գագաթաժողովի քաղաքական հաջողություն կարելի է համարել այն, որ արաբական երկրները Գազայի հետագա կառավարումը տեսնում են Պաղեստինի ազգային վարչակազմի իրավազորությամբ, ձեռք է բերվել ոստիկանական նոր ուժեր կազմավորելու համաձայնություն: Փաստացի դա նշանակում է, որ Արաբական լիգայի երկրները ՀԱՄԱՍ-ին առաջարկում են իշխանությունը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին, որի իրավազորությունը ներկայումս տարածվում է միայն Հորդանանի արևմտյան ափի տարածքների վրա:
Արաբական լիգայի անդամ պետությունների շարքում են ԱՄՆ –ի դաշնակից մի շարք երկրներ, այդ թվում և՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Եգիպտոսը, Հորդանանը: ԸՆդ որում, Գազայի բնակչության տեղահանության հարցը Միացյալ Նահանգների նախագահը քննարկել է Եգիպտոսի նախագահի և Հորդանանի թագավորի հետ: Մարտի 4-ին նրանք հրապարակային հայտարարությամբ մերժել են այդ գաղափարը և ԱՄՆ-ին կոչ արել, որպեսզի աջակցի Գազայի վերականգնման և Պաղեստինի անկախ պետության ստեղծման նախաձեռնությանը:
Փաստացի արաբական աշխարհը հակադրվել է Թրամփի մերձավորարևելյան կարգավորման ծրագրին, որը կառուցված էր Իսրայելի դոմինանտության լեգիտիմացման և դրանում արաբական երկրներին համոզելու վստահության վրա: Սպիտակ տունն ինչպե՞ս կարձագանքի Արաբական լիգայի երկրների այդ «աննախադեպ հանդգնությանը»: Մանավանդ որ գագաթաժողովին մասնակցել է նաև Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաան և կոչ արել «զսպել Իսրայելի նվաճողական քաղաքականությունը»:
«Զելենսկին խաղաղության չի ցանկանում»,- Ուկրաինայի նախագահի հետ Օվալաձև սրահում Դոնալդ Թրամփի «բանավեճն» այսպես են հիմնավորել Սպիտակ տան խոսնակը և պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Հնարավո՞ր է, որ նույն գնահատականը տրվի նաև Արաբական լիգայի երկրների գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությանը: Զելենսկու հրապարակային «ստորացումն» առիթ է տվել, որպեսզի Ռուսաստանն ավելի կոշտացնի Կիևի դեմ պահանջները:
Այս դեպքում ի՞նչ որոշում կընդունի Միացյալ Նահանգների նախագահը, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետին հորդորել է շարունակել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը, եթե վերջինս մեկ օրվա ընթացքում չվերադարձնի բոլոր իսրայելցի պատանդներին: :Որոշում պետք է ընդունի Բիբին, բայց նրա փոխարեն ես այդպես կվարվեի»,- իր մոտեցումը բացատրել է Դոնալդ Թրամփը:
Արաբական աշխարհն իր մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսներով, ինչ խոսք, Ուկրաինայի հետ համեմատելի չէ, ոչ էլ Իսրայելը՝ Ռուսաստանի: Բիբին, գուցե, Գազայի հատվածում իրավիճակ սրի, բայց Արաբական լիգայի անդամ ազդեցիկ երկրների հետ «հաշիվներ պարզելու» հնարավորություն միայն ԱՄՆ-ն ունի: Դոնալդ Թրամփը կփորձի՞ «կարգի հրավիրել» Եգիպտոսին կամ Սաուդյան Արաբիային, ի՞նչ գործիքակազմ կընտրվի:
Տրամաբանական է թվում, որ Սպիտակ տունը քայլեր կձեռնարկի: Հակառակ դեպքում կասկածի տակ կդրվի նաև ուկրաինական կարգավորման Թրամփի նախաձեռնության գործունակությունը: Այդ դեպքում կշահի Եվրոպան, ամենայն հավանականությամբ՝ նաև Թուրքիան: Այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնը կձգտի Գազայի վերականգնման արաբական նախագծի «երաշխավոր» լինել: Այլապես հարկադրված կլինի հովանավորել Իսրայելի նոր պատերազմը: Իսկ դա Դոնալդ Թրամփի համար վարկանիշային մեծ կորուստ կլինի: Չէ՞ որ նա նախագահ է ընտրվել «բոլոր հակամարտություններին վերջ տալու» կարգախոսով:
Բաց մի թողեք
Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները
Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Ալիևը Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել