Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկյան մամուլի հրապարակումներին, տեղեկացնում է, որ մոտակա օրերին Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը կգործարկի «Բացահայտիր և մերժիր» պայմանական անունով ծրագիր, որի իրականացմանը կներգրավվի նաև արհեստական բանականությունը:
Խնդիր է դրված բացահայտել ամերիկյան ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որ ԱՄՆ-ում ուսումնառության համար մուտքի արտոնագիր են ստացել և մասնակցում են իր պաշտպանություն պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կազմակերպվող զանգվածային միջոցառումների: ԱՄՆ վարչակազմն այդ ակցիաներն անվանում է «հակասեմիտական»:
Axsios-ը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին․ «Մենք տեսնում ենք մարդկանց, որ մեր համալսարաններում և փողոցներում քայլերթեր են կազմակերպում և ինտիֆադայի (Իսրայելի դեմ պաղեստինցի արաբների անհնազանդության և պայքարի) կոչ անում, գովաբանում ՀԱՄԱՍ-ին, արդարացնում նրա բոլոր արարքները: Այդ մարդիկ պետք է հեռանան»:
Փաստացի խոսքը վերաբերում է արաբական աշխարհից Միացյալ Նահանգների համալսարաններում ուսումնառություն անցնող բոլոր անձանց, որ «սպառնալիք են ստեղծում ԱՄՆ-ի համար»:
Ըստ ամերիկյան մամուլի՝ պետական դեպարտամենտը որոշել է արհեստական բանականության միջոցով «սքանավորել ծագումով արաբ ուսանողների էլեկտրոնային գրագրությունները, բջջային հեռախոսների հավելվածները, որպեսզի բացահայտի, թե ովքեր են նախաձեռնում հակասեմիտական զանգվածային միջոցառումները, պարզի մասնակիցների ինքնությունը»:
Պետքարտուղար Ռուբիոյի ասածից հետևում է, որ «բացահայտվածների» ուսանողական վիզաները չեղյալ կհայտարարվեն և նրանք Միացյալ Նահանգներից կարտաքսվեն:
«Ընդդեմ խտրականության» ամերիկա-արաբական կոմիտեի ղեկավար Աբեդ Այուբը խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին և հայտարարել, որ ի աջակցություն պաղեստինցիների՝ ակցիաները բռնաճնշելու փորձերը պետք է անհանգստացնեն բոլոր ամերիկացիներին, քանի որ խնդիրը վերաբերում է ԱՄՆ սահմանադրության ոտնահարմանը, ամերիկացիները դա չեն կարող ընդունել:
Axsios-ի տեղեկացվածությամբ, սակայն, նախագահ Թրամփն արդեն իսկ արդարադատության նախարարությանը հանձնարարել է անհաշտ պայքար մղել բոլորի դեմ, ովքեր ամերիկյան հրեաների նկատմամբ բռնության կոչեր են անում կամ ահաբեկչություն նախապատրաստում:
Աբեդ Այուբն ասել է, որ Բայդենի վարչակազմը նույնպես սպառնալիքներ հնչեցրել է, ուսումնասիրել են հարյուր հազար մարդու անձնական նամակագրությունները, բայց արտաքսման ոչ մի որոշում չի կայացվել:
ԱՄՆ-ում ուսանողական վիզայով բնակվող արաբների նկատմամբ խստագույն վերահսկողություն սահմանելու մասին տեղեկությունը, այդ առթիվ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը հաջորդում են Գազայի հարցով Արաբական լիգայի պետությունների՝ Կահիրեում գումարված գագաթաժողովին, որը մերժել է պաղեստինցիների տարաբնակեցման և ակնլավի կառավարումը ԱՄՆ-ին վերապահելու մասին նախագահ Թրամփի ծրագիրը:
Սպիտակ տունը, հավանաբար, արաբ ուսանողներին արտաքսելու նախաձեռնությամբ փորձում է ազդել արաբական երկրների ներքին իրավիճակին, եթե պետական դեպարտամենտը հետևողական գտնվի և ավելի քան հարյուր հազար արաբ երիտասարդներ արտաքսվեն, ապա երևույթն, անկասկած, դժգոհության ալիք կբարձրացնի այն երկրներում, որտեղից նրանք մեկնել էին Միացյալ Նահանգներ:
Բացառված չէ, որ Թրամփի վարչակազմը կարող է վերահսկողություն սահմանել նաև ԱՄՆ-ում գործող արաբական կառույցների նկատմամբ՝ նրանց մեղադրելով «պաղեստինյան ահաբեկչությունը հովանավորելու» մեջ: Իր նախանշած նպատակներին հասնելու հարցում, երևում է, Միացյալ Նահանգների նախագահը որևէ սահմանափակում չի ճանաչում և համարձակորեն հակադրվում է ժողովրդավարական ավանդույթներին:
Վաշինգտոնի կողմից այդ բացարձակ հովանավորությունն Իսրայելի վարչապետ Նաթանյահուին թույլ է տալիս գործել ավելի համարձակ և հետևողականորեն: Երկրի ոստիկանության, ժանդարմերիայի և առափնյա պահպանության ուժերի բարձրաստիճան սպայակազմի հետ իֆթարի սեղանի շուրջ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի Իսրայելը «տարածաշրջանի իր քարտեզն իրականություն դարձնի»:
Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումից ի վեր առաջին անգամ ալևիների և կառավարական ուժերի միջև զինված բախումներ են եղել: ԱՄՆ նախագահի կողմից արաբական աշխարհի դեմ ձեռնարկումները կարող են Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ:
Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը, Արցախը, Դոնբասն ու մյուսները
Կեցցե՛ հեծանիվը: Կեցցե՛ ազգի ցավերով «տապակվող» ղեկավարը
Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․