18/03/2025

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից ստացել է շուրջ 1 միլիարդ դոլար

Ուկրաինան ստացել է Մեծ Բրիտանիայի առաջին տրանշը, որը ձևավորվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Գումարի չափը կազմել է 752 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 971 միլիոն ԱՄՆ դոլար) և փոխանցվել է Extraordinary Revenue Acceleration for Ukraine (ERA) ծրագրի շրջանակներում։

Շմիգալը նշել է, որ ստացված միջոցները ուղղվելու են Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանը, և շնորհակալություն է հայտնել G7-ի գործընկերներին՝ «այն մեխանիզմի համար, որը ստիպում է ռուսական միջոցներն աշխատել Ուկրաինայի համար»։

Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ Կիևը հույս ունի, որ ապագայում ռուսական բոլոր սուվերեն ակտիվները կբռնագրավվեն և կփոխանցվեն Ուկրաինայի օգտին։

«Սա կարևոր քայլ է, որը ցույց է տալիս, որ ագրեսորը պետք է վճարի իր գործողությունների համար։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս գործընթացը ամբողջական լինի», – ընդգծել է Շմիգալը։