29/04/2025

Ստամբուլի՝ կալանավորված ընդդիմադիր քաղաքապետին պաշտոնապես առաջադրել են Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Ստամբուլի ձերբակալված և պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Փրայմերիզում նրա օգտին քվեարկել է մոտ 15 միլիոն մարդ։ Այս տեղեկությունը Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը, այնուհետ հրապարակվել է հենց Իմամօղլուի «X»-ի միկրոբլոգում:

«Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել Սիլիվրիի բանտից տեղեկությամբ, ինչն ինձ շատ է ուրախացրել։ Մեր 15 միլիոն քաղաքացիները քվեարկել են և Էրդողանին ասել՝ «բավական է»,- ասվում է նրա ուղերձում։

Ընդդիմադիր կուսակցության նախագահ Օզգուր Օզելը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որոշել արտահերթ նախագահական ընտրությունների ամսաթիվ և մրցակցել Էքրեմ Իմամօղլուի դեմ։

Մարտի 19-ի առավոտյան թուրքական իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և նրա թիմի անդամներին՝ Իմամօղլուի խորհրդական և Medya AŞ-ի մենեջեր Մուրադ Օնգունին և Իմամօղլուի քարոզարշավի մենեջեր Նեջաթի Օզքանին՝ «շահույթ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքով։

Տրվել է նաև ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը պնդում է, որ գործը քաղաքական բնույթ չունի։ Ինքը՝ Ստամբուլի քաղաքապետը, իր նկատմամբ հետապնդումները հարված է համարել ժողովրդի կամքին ու բողոքի ակցիաների կոչ արել։

Իմամօղլուի ձերբակալությունը փրայմերիզից մի քանի օր առաջ Էրդողանի հակառակորդները դիտում են որպես մրցակցին վերացնելու փորձ։ Սա նրա կողմնակիցների զանգվածային բողոքի պատճառ է դարձել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։

Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետն է 2019 թվականի մարտից։ Նա համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, ու եթե կրկին առաջադրվի, հաղթելու շանսերը մեծ են։

Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականին, սակայն դրանց մասնակցելու համար Էրդողանը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ, այլապես կրկին առաջադրվել չի կարող: