«Զանգեզուրի անցուղի» եզրույթը Հայաստանում պաշտոնապես չի կիրառվում։
Այնուամենայնիվ, թուրքական հասարակությունն ու մեդիան ծանոթ են այս ձևակերպմանը, և հենց այդ պատճառով եմ օգտագործում «Զանգեզուրի անցուղու» եզրույթը։ Թուրքիան ուշադիր հետևում է, թե երբ կարող է այդ երթուղին բացվել։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Կարծում եք՝ հնարավոր է՞, որ դա իրականություն դառնա մոտ ապագայում։
Թուրքական NTV հեռուստաընկերության հարցին անդրադառնալով, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Դե, նախ և առաջ, ցանկանում եմ ընդգծել, որ մենք սկզբունքորեն որևէ խնդիր չենք տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում»։
Նկատի ունեի ձևակերպումը, որի մասին խոսում էի՝ «Զանգեզուր»՝ լրագրողի ընդգծմանն ի պատասխան, Միրզոյանը մանրամասնել է.
«Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։
Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։
Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն, այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։
Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր՝ ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։
Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ՝ անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր։ Սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։
Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետև, մեր կարծիքով, այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկել այս նախաձեռնությունը՝ սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրումով։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը և հաղորդակցության այլ ձևերին։
Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։
Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ՝ առնվազն տարածաշրջանային մակարդակով։
Ես չեմ տեսնում որևէ բացասական ազդեցություն ներգրավված կողմերից որևէ մեկի համար»:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշատակեց Հայաստանի Սահմանադրությունը և, ինչպես դուք նշեցիք, այն դիտարկում եք որպես նախապայման: Ադրբեջանն ակնկալում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, և Դուք նաև նշել եք քննարկման ընթացքում, որ ձեր Սահմանադրությունում փոփոխման պնդում չկա։ Բայց Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին: Այն ինչ Դուք ասում եք, ունի մեծ արժեք։ Բայց դա նաև իրավական խնդիր է, հետևաբար ինչպե՞ս է այն ավարտվելու։ Ինչպես կասե՞ք այս առնչությամբ։
Անդրադառնալով հարցին, Արարատ Միրզոյանը նշել է. «Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրությանն, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գոյություն չունի։ Սահմանադրության նախաբանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը հիմնված է այդ հռչակագրի վրա՝ մի շարք նպատակների և արժեքների համատեքստում։ Այնուհետև ներկայացվում են Սահմանադրության հիմնական դրույթները։ Ադրբեջանական կողմն կարծում է, որ Անկախության հռչակագրում կա պահանջ։
Ինչպես արդեն նշել եմ, և այժմ չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն սա հեշտությամբ կարող է ապացուցվել իրավաբանների կողմից, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերը բաց և հասանելի են։ Միաժամանակ, մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։
Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը:
Այսպիսով, Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է։ Եթե մենք խորանանք Սահմանադրության մեջ, ապա, սա անշուշտ խնդիր է:
Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից»:
Դուք վստա՞հ եք դրանում՝ հարցին ի պատասխան, ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։ Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը։
Բայց կրկնում եմ, սա բացառապես տեսական սցենար է, քանի որ անցյալ սեպտեմբերին մենք ունեցանք մեկ այլ հնարավորություն՝ հասկանալու Սահմանադրական դատարանի մոտեցումը: Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համատեղ հանձնաժողովները ստորագրեցին իրենց առաջին միջազգային փաստաթուղթը՝ հանձնաժողովների կանոնակարգը։ Այս փաստաթղթում հստակ նշվում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ այն նույն սկզբունքի համաձայն, որի մասին խոսեցի՝ կողմերի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվեցին միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների։ Նշված կանոնակարգը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դատարանը տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում։ Սակայն, կրկին նշեմ՝ տեսական հնարավորություն միշտ գոյություն ունի։
Եվ վերջապես, անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին»։
Բաց մի թողեք
«Փորացավը» մեկն է՝ իշխանությանը «մի երկու բերան ավել» «ուրացող» ասել, ուրիշ ոչինչ
Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով
Իրանում ողբերգության առումով կա իսկապես շատ ուշագրավ մի «կնիք»․ Հակոբ Բադալյան